Նաիրա Զոհրաբյանը բարկացավ Շարմազանովի վրա

նաիրաԳիտության ոլորտի ներկայացուցիչներն անվտանգության ոլորտում պիտի լինեն: Բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնացողների հաշվին: ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: 

«Մենք բոլորս գիտենք՝ ովքեր չեն ծառայում բանակում: Դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են սովորական «դեզերտիրությամբ», այո՛, այստեղ գնած պատգամավորների, նախարարների զավակները: ԱԱԾ համակարգը չպետք է դառնա կադրերի նշանակման բյուր՝ նման «գիտնականների» համար, որոնց գիտնական համարելը անպարկեշտություն կլինի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ նրանք, ովքեր գիտական կոչում են ստացել բանակից հետո, բայց պատգամավորի կամ օլիգարխի երեխա չեն, դուրս կմնան նրանց հետ մրցակցության մեջ մտնելով:

Ի պատասխան ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխությունները սահմանափակում չեն մտցնում՝ առավելություն են տալիս կադրերին, որոնք բանակից հետո են կոչում ստացել: «Կադրերի ընտրությունը կատարում ենք առաջադրված խնդիրները լուծելու համար, ոչ թե աշխատանք ապահովելու համար: Նայում ենք՝ ինչպես է թեզը պատրաստվել, ովքեր են բարեկամները, հարազատներն ովքեր են: Անհոգ եղեք՝ ԱԱԾ-ում միջնորդությամբ ընդունելություններ չեն լինում»,- ասաց Արզուման Հարությունյանը:

Նաիրա Զոհրաբյանը, սակայն, պնդեց, թե իրականության մեջ այդպես չէ ու միշտ սովորական է եղել, որ պատգամավորի, օլիգարխների երեխաները հանկարծ պարզվել է, որ «նասայի» մակարդակի գիտնականներ են:

Արձագանքելով պատգամավորի ելույթին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց դուրս գալ «քառակուսի» մտածելակերպից, ապա ասաց, թե բազմաթիվ պատգամավորների երեխաներ կան, որոնք իսկապես տաղանդավոր են: «Հիմա կրակն են ընկել էդ երեխաները… Չի կարելի: Պատգամավորի երեխա է, ուրեմն վա՞տն է»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը: Նաիրա Զոհրաբյանն էլ բարկացավ, ասաց. «Ես ինձ թույլ չեմ տվել ձեր գնահատականները անվանել քառակուսի, կլոր կամ եռանկյունի, չնայած…»,- խոսափողից դուրս ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց գոռալուց առաջ լսել, ապա ասաց. «Ես տանձից եմ խոսում, դուք խնձորից»:

Դիտվել է 479 անգամ
 


Այս թեմայով