Յուրի Խաչատուրովը մոտակա օրերին կանցնի աշխատանքի. Փաստաբան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 6-ից կանցնի իր պարտականությունների անմիջական իրականացմանը, Aysor.am-ին տեղեկացրեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Պարոն Խաչատուրովի հետ երեկ եմ հանդիպել, և մոտակա օրերին նա կմեկնի Մոսկվա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրվանից նա կանցնի իր պարտականությունների անմիջական կատարմանը», — ասաց փաստաբանը։

Հարցին, թե վարույթն իրականացնող մարմնի հետ նախկին խնդիրները լուծվա՞ծ են, փաստաբանը պատասխանեց, որ քննիչից ստացվել է իրենց միջձնորդության պատասխանը, և իր պաշտպանյալը պատրաստ է մեկնել Մոսկվա։

«Մեզ նաև փոխանցել են, որ հարցաքննության ծանուցման դեպքում պարոն Խաչատուրովը պետք է ներկայանա։ Դա մեզ համար խնդիր չէ, քանի որ նախկինում մենք նման պատրաստակամություն հայտնել էինք», — ասաց փաստաբանը։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրյալ է մարտի 1-ի գործի շրջանակներում։ Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։

Այս թեմայով