Յուրաքանչյուր գործարար կարող է զբաղվել շաքարավազի բիզնեսով. Հովիկ Աբրահամյան

ՀովիկՀայաստանում յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվել շաքարավազի բիզնեսով, կարող է զբաղվել և որևէ մեկի նկատմամբ չեն լինելու ինչ-որ առանձնակի մոտեցումներ:

 Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչի կապակցությամբ նրան հարց ուղղած ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց` սա, ուրեմն, պատմական օր է:

 «Այդ հարցը Հանրապետության Նախագահի հետ քննարկել եմ երեկ և այսօր էլ իրականացրել ենք խորհրդակցություն և հետևողական ենք լինելու և, այո՛, ամեն ինչ անելու ենք, որ այդ շուկայում գների նվազման երևույթ սկսի»,- նշեց վարչապետը:

Նախքան այդ Խաչատուր Քոքոբելյանը վարչապետին հարց էր ուղղել, թե ինչու է Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը մոտ 40 տոկոսով էժան, քան Հայաստանում: Խաչատուր Քոքոբելյանը նաև հարցրեց, թե չի կարծո՞ւմ, որ սա հստակ մենաշնորհի հետ է կապված և արդյո՞ք այդ ոլորտի ազատականացման դեպքում գները կկարգավորվեն:

 Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ պետք չէ Վրաստանի հետ համեմատություններ անել, քանի որ Վրաստանից Հայաստան տեղափոխելը նույն գինն է, ինչ Եվրոպայից Փոթի:

 

Պատասխանելով պատգամավորի երկրորդ հարցին` վարչապետը նշեց.«Մենաշնորհ չի լինում, մենաշնորհ առաջանում է… մենք որևէ ընկերության չենք տվել մենաշնորհ ուղղակի դա տնտեսական գործունեության արդյունքում է գոյանում, իսկ եթե իրենք չարաշահում են, ապա հանձնաժողովը պետք է, անպայման, բարձրացնի»:

Դիտվել է 203 անգամ
 


Այս թեմայով