Մտորումներ արյունոտ տոնածառի առաջ

1157_158130427890768_5265055585139882120_nԵրկու հազար տասնհինգի տասներկուերորդ լուսաբացը Գյումրիում չեղավ այնպիսին, ինչպիսին նախորդող, եւ ոչ ամենեւին այնպիսին, ինչպիսին հաջորդող լուսաբացներն էին: Լուսաբացը տարօրինակ էր, կարծես մի քիչ ամպամած երկնքում բարձրացող արեւը արյուն էր կաթում: Արյան չարագուշակ հոտ կար նաեւ օդում: Բայց Գյումրին ու գյումրեցին խաղաղ էր ու անհաղորդ այդ թեւածող արյան պատկերին ու հոտի` խումարաթող էր լինում ամանորյա տոնական խրախճանքներից: Սեղանները դեռ ծանրացած էին տոնական ուտեստներով եւ տոնածառները դեռ վառվում էին երփներանգ լույսերով: Հին Նոր տարի կար առջեւում:
Չարագուշակ զգացումները սակայն Գյումրիում սկսվեցին մի փոքր ավելի շուտ. հունվարի ութին շուռ եկավ քաղաքի մայր տոնածառը: Երբեք նման բան չէր եղել, որ տոնածառը շուռ գար: Նույնիսկ քաղաքի հնաբնակ ծերերը չհիշեցին նման դեպք: Վատ նշան էր: Մամիկներն այդ օրը` դեռ ամսու ութին, հայացքներն ուղղեցին Յոթվերքին ու լալագաին աղերսեցին քաղաքի հովանավոր Յոթվիրաց Տիրամորը` Դու ազատես մեզ չարից ու փորձանքից: Տարին էլ խորհրդանշական էր` Հայոց անամոք վերքի` Ցեղասպանության հարյուրամյակը բացվեց շուռ տված տոնածառով: Բայց դեռ չգիտեին, որ փոքր-ցեղասպանություն պիտի ապրեին, դեռ չգիտեին, որ կրկին խաչն են բարձրանալու քաղաքով ու ազգովի եւ Յոթնախոցյալ Տիրամոր Սիրտը կրկին խոցվելու էր սեփական զավակների մահվան բոթով:
Կեսօրը դեռ չկար, երբ տարածվեց գույժը. Քաղաքում գիշերը սպանություն է տեղի ունեցել: Եվ միայն այդքանը: Սկզբում չհավատացին, հետո կարծեցին “հաշիվ են մաքրել իրար հետ” եւ միայն մի փոքր անց պարզվեց. մի ողջ ընտանիք սպանդի է ենթարկվել մեծով ու փոքրով: Կարծես արյան վրեժի մասին էր խոսքը, հին ու դարավոր միջգերդաստանային թշնամության, սակայն ոչ, սա էլ հերթվեց եւ մի փոքր էլ ու ինֆորմացիան ամբողջացավ. Ենթադրյալ մարդասպանը եւ ոչ ավել ոչ պակաս ռուս զինվորական է, ով մոտն ուներ զենք ու փախուստի մեջ է: Ժամանակը մի պահ կանգ առավ Գյումրիում. Կյանքը դադարեց. Մահվան սարսուռից ահմռկած էին բոլորը: Մխիթարական էր միայն այն, որ ընտանիքի մանկահասակ վերջին շառավիղը կարծես թե ողջ է ու հնարավորություն կա կյանքը փրկելու, սակայն ավաղ, հույսն ապրեց ընդամենը մեկ շաբաթ: Սկսվեց Գյումրու ու գյումրեցիների խաչի եւ Չարչարանաց շաբաթը: Գյումրեցին, հայը կրկին խաչվեց համազգային խաչելության հարյուրամյակի տարում: Հարցերը բազմաթիվ էին, ինչու, ինչպես եւ այլն, իսկ պատասխանները չափազանց ժլատ ու աղքատիկ եւ չգոհացնող, իսկ որոշների պահվածքը, անկախ պաշտոնից ու դիրքից չափազանց համահունչ տարվա տանուտիրոջը` ոչխարային եւ չափազանց ստրկամիտ, նույնիսկ անարժանապատիվ ու վախկոտ:
Արդյունքում գյումրեցին ընդվզեց սեփական ու համազգային արժանապատվությունն ու պատիվը պահելու արդար ընդվզմամբ: Ինքնաբուխ հավաք, բողոքի երթ, արդար պահանջատիրություն հայրենական իշխանությունների` երբեմն առավել քան ոչխարային կեցվածքի նաեւ` որոշ դեպքերում հուսկ արհամարհանքի հասնող անտարբերության դիմաց: Սպասելի եւ տվյալ իրավիճակում գուցե նաեւ բնականոն ու օրինաչափ այդ ընդվզումը սակայն մի պահ դուրս եկավ բանականության, ողջամտության եւ տրամաբանության սահմաններից դարձավ անկառավարելի, տարերային եւ օդում կարծես թեւածել սկսեց Չարն ու Չարությունը: Մի պահ թվաց թե ավանդապահ ու աստվածավախ գյումրեցին մոռացավ Աստծուն ու տրվեց չարի գայթակղությանը: Եւ միայն Տերունավանդ Հայր Մերը փրկեց հերթական արյունահեղությունից, երբ հայը հայի արյուն պիտի հեղեր, իսկ մեղավորն առոք փառոք նստեր պաշտպանված ռազմական բազայում` իր պետության օրենքի պաշտպանության ներքո եւ մեր ոչխարակերպների թեթեւ ձեռքով:
Ապա արդեն ամիսներ ձգվող նախաքննություն, մահու չափ սրտմաշուկ սպասողական վիճակ, գյումրեցիների պահանջների մասնակի մակերեսային բավարարում, գործի մաշեցում եւ բազում ու բազում հարցեր, որոնք տոնական ծառի զարդարանքների նման գալիս ու կախվում էին Ավետիսյանների տան արյունոտ տոնածառից ու դառնում մտատանջություն յուրաքանչյուր սրտացավ մարդու համար:
Մոտ ութ ամիս տեւած նախաքննությունից հետո վերջապես գործը մտավ դատարան ու եթե սկզբում դեռ սեփական տեսակի, ազգի, հավաքականության արժանապատվության մնացորդների պահպանության հույսեր կային, դատաքննությունը նույնիսկ դրանք կարելի է ասել ոչնչացրեց: Հայկական դատարանը որոշեց, որ նիստ կանի ռուսական բազայում, իսկ ռուսներն էլ իրենց ռետինե մահակներով զինվորներին տեղադրեցին մեղադրյալի կողքերին հայկական կողմի կարգադրիչների կողքին: Սկսվեց դատական առաջին նիստը, որ շատ հեռու էր նիստ կոչվելուց: Իհարկե այս անգամ, ի տարբերություն ամռանը ռուսական կողմի մեղադրանքի մասով կայացած մեկօրյա ռեմիքս-դատավարությանը, բոլոր հնարավոր դյուրությունները ստեղծվել էին հատկապես լուսաբանող լրատվամիջոցների համար, սակայն ամեն դեպքում մեծ հաշվով ռուսական սապոգը զգացվում էր ամենուր: Մոտ մեկ ժամ տեւած լսման ընթացքում իրար հաջորդեցին ընդմիջումները եւ վերջապես դատավորի մուրճիկը խփվեց սեղանին. Իրավապաշտպանի խոսքը մնաց բերանում ու նիստն հետաձգվեց մեկ ամսով:
Իսկ Ավետիսյանների երբեմնի խաղաղ ու երջանիկ հարկի տակ դեռ տոնածառն է դրված` ներկված սպանդի ենթարկված ընտանիքի անդամների անմեղ արյամբ եւ զարդարված պատասխան չստացած ու երբեւէ թերեւս պատասխան չունեցող հարցրով որպես զարդարանքներ: Մեկ տարին անցավ, անցավ խռովահույզ, ներքին ընդզվմամբ ու պայքարով ու հիմա արյունոտ տոնածառի առաջ լուռ ողորմի ասելու եւ անցնող մեկ տարին վերապրելու ժամանակն է. Ողբամ մեռելոց կոչեմ ապրողաց:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով