Մոսկվան Հայ Առաքելական եկեղեցուն խառնում է իր աշխարհաքաղաքական խաղերի մե՞ ջ

 Ինչպես հայտնի է Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր մեկնարկում է Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը: Արդեն հայտնի է, որ Սոչի են ժամանել մասնակից պատիվիրակների մի մասը: Ժամ առ ժամ նոր պատվիրակներ են ժամանում Սոչի: Արդեն իսկ Ռուսաստանի առողջարանային քաղաքում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: 

 Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցում է 1600 պատվիրակ:«Արեւելքի» փոխանցմամբ՝ Սիրիահայ համայնքից մասնակցելու են Սիրիայի պառլամենտի հայազգի պատգամավորներ Նորա Արիսյանը եւ Ժիրայր Ռեիսյանը: Համայնքը ներկայացնելու են նաեւ այլ անձինք, իսկ Հայ Առաքելական եկեղեցուց մասնակցության հրավեր ստացել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը: Ուշագրավ է, որ ցայժմ պարզ չէ, թե ով է ներկայացնելու Սիրիայում գործող Անթիլիասի Աթոռին պատկանող թեմը, քանի որ Սիրիայում երկու թեմ կա` Էջմիածնական, որի առաջնորդն է Արմաշ արքեպիսկոպոսը եւ Անթիլիասական, որի առաջնորդն է Շահան եպիսկոպոս Սարգիսյանը: Առաջին հայացքից սա պարզ հարց է, սակայն իրականում, այն ոչ այնքան ռուսների եւ Սիրիական հակամարտության կարգավորման վրա կարող է ազդեցություն ունենալ, որքան Հայ Առաքելական եկեղեցու եւ ազգային կյանքի, քանի որ ըստ էության, Մոսկվան, եթե անտեսել է, կամ շրջանցել է կամ այլ հանգամանքով պայմանավորված չի հրավիրել Անթիլիասը ներկայացնող թեմի առաջնորդին եւ բավարարվել է միայն Էջմիածնական թեմի առաջնորդին հրավիրելով, ապա Առաքելական եկեղեցու երկու թեւերի միջեւ ակամա լարվածություն է մտցնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Էջմիածինը առանձնակի ջերմ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ եւ Մոսկվայում է պաշտոնավարում Մայր Աթոռի գահակալ Գարեգին երկրորդի եղբայրը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը,  որպես Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ:

 Դեռեւս անցյալ դարի հիսունական թվականներին, երբ առաջացավ Հայ Առաքելական եկեղեցու պառակտումը, Էջմիածինը դիտարկվում էր,  որպես կարմիր կաթողիկոսություն, նկատի ունենալով, որ սովետական տարածքում էր եւ ենթակա էր ԽՍՀՄ-ին: Այժմ արդեն ակամա ստացվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին ներքաշվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, իսկ Էջմիածինն էլ ուզած-չուզած ստանձնում ռուսամետ կաթողիկոսության համարումը, այդպիսով Անթիլիասին էլ տալով ամերիկամետ կամ արեւմտամետ կաթողիկոսության համարումը:

Իրականում եթե լարում լինի, ապա միայն վնասելու է Հայ ժողովրդին եւ Առաքելական եկեղեցուն եւ փչացնելու է անցյալ Եպիսկոպոսաց ժողովով փոքրիշատե միասնականությունը վերականգնելու եւ բաժանումն հաղթահարելու ջանքերի արդյունքները:

Ի վերջո Մոսկվայի համար էական չեն՝ ո՛չ Հայ ժողովուրդը, ո՛չ Առաքելական եկեղեցին եւ ո՛չ իսկ Սիրիան, այլ էական են իր կայսերապետական նկրտումներն ու շահերը, որքան էլ որ նա մեր ոխերիմ բարեկամն է համարվում:

 


Այս թեմայով