Մոսկվայի շանտաժը Երևանի դեմ

կռեմՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկությունը նույնքան ուշադրություն գրավեց եւ նույնքան նվաստացուցիչ էր Հայաստանի համար, որքան սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը: Սակայն ՄՄ-ին միանալու մասին հայտարարությունը որքան էլ կապույտ երկնքում ճայթած ամպրոպ էր հայաստանցիների համար, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի կեսերին հայտարարեց, որ  իրենք օգոստոսի 31-ին արդեն Հայաստանի կողմից պաշտոնապես տեղեկացվել էին ՄՄ-ին առնչվող սեպտեմբերի 3-ի քայլի հնարավորության մասին:

Այլ կերպ ասած, եթե տեղեկացված չէր հասարակությունը, կատարյալ անտեղյակության մեջ թեւածում էին Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ական  ծերակույտն ու ցողունապետերը, դա դեռ չի նշանակում, թե սեպտեմբերի 3-ի շրջադարձը ՀՀ նախագահի, ԱԳՆ-ի եւ ԵՄ գործընկերների համար անակնկալ էր: Դրա համար էլ այն, ինչ կատարվում է Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշման հետ, սեպտեմբերի 3-ի իրավիճակից էլ այն կողմ է:

Ասվում է՝ այն, ինչ կատարվում է մեկ անգամ, կարող է լինել պատահականություն, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում` զուգադիպություն, երրորդ կրկնությունն արդեն օրինաչափություն է: Ղրիմի շուրջ արդեն երկու անգամ նույն սցենարը կրկնվեց, երբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց մի դիրքորոշում, հետո եղան դրան չհամապատասխանող զարգացումներ: Առաջինը. Ղրիմի պսեւդո-հանրաքվեի հաջորդ օրը՝ մարտի 17-ին, արտգործնախարար Նալբանդյանն արձանագրել էր Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Պատասխանելով «Հայլուրի» հարցին. «Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո», նախարարն ասել էր. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ եւ բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա»:

Դրանից երկու օր անց, մարտի 19-ին, նախագահ Սարգսյանը, իբր սեփական նախաձեռնությամբ, զանգահարում է Վլադիմիր Պուտինին եւ հայտնի կեսմետրանոց տեքստը տարածում կայացած հեռախոսազրույցի մասին` մեկնարկելով ազգերի ազատ ինքնորոշման մասին դատողություններից եւ չհասնելով ոչ մի տեղ: Արեւմուտքից ափսոսանք են հայտնում, Հայաստանն էլ սկսում է բոլոր դեսպաններին բացատրել, թե ինքն ինչ է ասում: Բնական է, դրանից մեծ բան չի փոխվում, որովհետեւ դիվանագիտության մեջ յուրաքանչյուրն ասվածից հասկանում է այն, ինչ ցանկանում է հասկանալ: Արդյունքում աշխարհը գնում է մի մայրուղով, Հայաստանը կանգնում է խոտոր արահետի վրա: Դա քիչ էր՝ նույն պատմությունը կրկնվում է տասն օր անց:

Կրկին ԱԳՆ-ից լրատվամիջոցներին ասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» բանաձեւին Հայաստանը քվեարկելու է ձեռնպահ: Մեկ օր չանցած՝ Հայաստանը քվեարկում է «դեմ»: Բնականաբար, ամեն կարգի ուժերի հարաբերակցություն, հետեւանքներ, ճնշումներ, կոնտրճնշումներ հաշվարկված են լինում, երբ ԱԳՆ-ն ինչ-որ բան է հայտարարում: Մանավանդ Նալբանդյանի բանավոր խոսքը գրավորից չի տարբերվում, այնքան հավասարակշռված է, միանշանակ ու լակոնիկ: Հետեւաբար, ի՞նչ էքստրաճնշում է գործադրվում, որ Հայաստանը մեկ օրից մյուսը դիրքորոշում է փոխում` վատթարացնելով հարաբերություններն աշխարհի հետ եւ արդեն Հյուսիսային Կորեայի, Սուդանի կամ Զիմբաբվեի հետ մի շարքում կանգնելով:

Այստեղ կա երեք հնարավոր բացատրություն: Առաջին վարկածը. Մոսկվայից անձնապես վարկաբեկող կոմպրոմատ է գործի դրվում Սերժ Սարգսյանի դեմ: Հաշվի առնելով, թե Հայաստանում որքան մարդ է ատում Սերժ Սարգսյանին, պատկերացնելի է՝ որքան է բոլորին դուր գալիս վարկածը, թե Սարգսյանին սպառնում են իբր հարբեցող, թմրամոլ, խաղամոլ, կաշառակեր եւ այլն լինելու մասին «բացահայտումներով» եւ թելադրում՝ ինչ ուզում են: Այս վարկածի մյուս տարբերակն էլ այն է, թե Մոսկվան Սարգսյանին շանտաժի է ենթարկում իշխանությունից հեռացնելու սպառնալիքով: Դուրեկան մեկնաբանություններ են, բայց իրականության եւ տրամաբանության հետ խնդիրներ ունեն:

Երկրորդ ամենատրիվիալ շանտաժի առարկան, որ Ռուսատանն իհարկե ունի իր արսենալում եւ հնարավոր է՝ բազմիցս գործադրել է Երեւանի դեմ, իրավիճակի ապակայունացումն է  Լեռնային Ղարաբաղում: Ուկրաինայի իրադարձությունների կարգավորումից հետո հաջորդ լուծումը, իհարկե, լինելու է ղարաբաղյան հարցում: Եթե Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենալուրջ ճգնաժամն է ստեղծվել Եվրոպական մայրցամաքում, պարզ է, որ դրա հանգուցալուծման իներցիան լուծելու է մինչ այս կուտակված կամ սառեցված բոլոր խնդիրները` հասնելով նոր էջի: Բայց ներկա պահին Ռուսաստանը Ղրիմում այնպիսի խնդիր չի ստեղծել ու անդունդում հայտնվել, որ մի երկրորդ արկած նախաձեռնի:

Երրորդ տարբերակն այն է, որ Քեսաբի դեպքերը եւ Լաթաքիայում ըստ էության Ասադի իշխանության բարյացակամությանն ապավինած եւ այդքանով էլ պատանդի վիճակում հայտնված հայությունը նույնպես կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Մանավանդ, եթե նայես, թե երեք տարի ընթացող դաժան պատերազմում ինչպես հենց այս օրերին Քեսաբը կազմակերպված դատարկվեց ու հայության համար խնդիր դարձվեց: Այս վարկածներից յուրաքանչյուրն արժե հանգամանալից դիտարկել, ինչը եւ կանենք հաջորդիվ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 350 անգամ
 


Այս թեմայով