Մոսկովյան կանգառ եվրոպական երթից առաջ. Պուտինը սկզբունքային է

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Այցի պաշտոնական առիթը Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է, որին մասնակցելու են Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները: Սպասվում է նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: «Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում կարծիք են հայտնում, որ Սարգսյանի մոսկովյան այցն իրականում կապված է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին` Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:

Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտքից, որ կարող է կրկնվել 2013-ի նախադեպը, երբ Մոսկվան «կացնային» տարբերակով չեղարկեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը` Հայաստանին պարտադրելով անդամակցություն Մաքսային միությանը: Հիմա վիճակն արմատապես տարբեր է ու դրա վկայությունը թերեւս այն է, որ Երեւանն ու Բրյուսելն արդեն նախաստորագրել են փաստաթուղթը, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Մոսկվայի գիտության: Այսօրվա հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ համագործակցությունը լոկալ դրսեւորում ունի եւ չի տեղավորվում, այսպես կոչված, մեծ փաթեթի մեջ` ինչպես 2013թ-ին էր, երբ Հայաստանը, ըստ էության, դարձավ Կրեմլի հակաուկրաինական ագրեսիայի առաջին թիրախը, այլ խոսքով` ճնշելով Սերժ Սարգսյանին, Մոսկվան առավելապես նպատակ ուներ վախեցնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աչքը:

Բացի այդ, հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է ու, անկախ այն հանգամանքից, որ շրջանակային համաձայնագիրը խիստ կարեւոր է Հայաստանի համար` այն չի ենթադրում Հայաստանի ապագա անդամակցություն Եվրամիությանը: Ավելին, Մոսկվայում թերեւս վստահ են, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը բովանդակային հարթության վրա Հայաստանում չի իրագործվի` այսպիսով անսասան պահելով քրեաօլիգարխիայի իշխանությունը, ինչը ռուսական ազդեցության կարեւոր երաշխիք է:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թե, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանավորված չեն ռուսական գործոնով: Սրանով հանդերձ` Պուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրյուսել տանող Սերժ Սարգսյանի ճանապարհն անցնի Մոսկվայով: Պուտինի համար խիստ էական է Բրյուսելին հասկացնել, որ Հայաստանի անգամ եվրոպական քաղաքականությունը, ձգտումները վերահսկվում, ուղղորդվում են Մոսկվայի կողմից:

Իհարկե, այս համատեքստը էապես նվազեցնում է Հայաստանի սուբյեկտությունը` նույնիսկ Բրյուսելին հուշելով Հայաստանի հետ կապված հարցերում առաջնային համարել Մոսկվայի կարծիքը: Սակայն սա է այսօրվա իրականությունը եւ պատահական չէ, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն պնդում են, որ պետք չէ եվրաինտեգրումը հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ խոսքով` դիտարկել ապագաղութացման համատեքստում: Մոսկվան ամեն ինչ արել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը նսեմացնելու համար եւ, մեծ հաշվով, դա նրան հաջողվել է Հայաստանի իշխանության վախվորած քաղաքականության հետեւանքով:

Իհարկե, Պուտին-Սարգսյան վաղվա հանդիպման օրակարգը ավելի տարողունակ է, եթե հաշվի առնենք, որ հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը եւ նախորդում է Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին: Մյուս կողմից` երեկ ռուսաստանահայ բիզնեսը հայտարարել է Հայաստանում մեկ միլիարդ դոլար ներդրում անելու պատրաստակամության մասին, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձր իշխանության գիտության, ըստ այդմ` Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն նաեւ հարցերի շրջանակ, որը վերաբերում է 2018-ի համատեքստին:

Այնուամենայնիվ, վաղը մեկնարկում է Սերժ Սարգսյանի եվրոպական երթը, որն անցնում է Մոսկվայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով