«Մշակույթը լեզու, ազգություն չի ճանաչում» . Տիկո Էլ Արմենիո

Զրուցակիցս  գիթառահար, երաժիշտ Տիգրան Այվազյանն է, ով  հանդես է գալիս  Տիկո Էլ Արմենիո (Tico El Armenio) բեմական անվամբ:  Նա, ապրելով  Իսպանիայում, ուսումնասիրել և սովորել է ֆլամենկո երաժշտության նրբություններն ու գաղտնիքները: Այսօր Տիգրանն իր կնոջ` Անիի և ընկերների հետ ապրում և աշխատում է Երևանում: Նրան կարելի է տեսնել մի շարք համերգների, միջոցառումների ընթացքում: Համագործակցում է ոչ միայն տեղի, այլև իսպանացի մի շարք  հայտնի երաժիշտների հետ:

-Համացանցում բավական ակտիվ եք, բայց գրում եք հիմնականում իսպաներեն: Ինչո ՞ վ է դա պայմանավորված:

Իսպաներեն գրում եմ, քանի որ ապրել եմ Իսպանիայի Սևիլիա քաղաքում, ունեմ բազմաթիվ իսպանացի ընկերներ: Ֆեյսբուքի և այլ սոցիալական կայքերի միջոցով շատ իսպանացի ընկերներիս հետ կապ եմ պահպանում:  Հայաստանի մասին շատ հետաքրքիր նյութեր եմ տեղադրում էջիս, թե’ մշակութային, թե’ նույնիսկ քաղաքական, ու հատուկ գրում եմ իսպաներեն, որ իմ իսպանացի ընկերները կարողանան կարդալ և հասկանալ նյութի իմաստը: Երբ Իսպանիայում էի ապրում, շատ պատահեցին մարդիկ, ովքեր  չգիտեին հայերը մուսուլման են, թե քրիստոնյա: Երբ պատասխանում էի, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մի տեսակ չէին հավատում: Ես էլ սկսեցի իսպաներենով հայերի մասին նյութեր տեղադրել: Հիմա անցել է տևական ժամանակ ու երբեմն ինձ ասում են, որ հայերը շատ հետաքրքիր պատմություն ու մշակույթ ունեցող ազգ են: Անգամ ցանկանում են գալ Հայաստան:

Հաճախ եք փոխում Ձեր բեմանական անունները: Ինչու ՞ :

— Առաջին անգամ բեմական անուն ընտրեցի ընկերներիս պատճառով: Նրանք ինձ անվանում էին  Պաչո, Պակիտո: Երբ սովորում էի Սևիլիայում, դասախոսս ինձ սկսեց անվանել Տիկո Էլ Արմենիո կամ Տիկո Խիտանո Դե Արմենիա  (Tico El Armenio, Tico Hitano De Armenia ( Գնչու Հայաստանից )) այն իմաստով, որ զարմացած էին, թե որքան լավ էի նվագում: Բացի դա,  Մանուել Մոլինայի  (Manuel Molina)Նրան համարում են բոհեմյան ֆլամենկոյի հիմնադիրը: Նա իր կնոջ հետ ստեղծագործել և հանդես են եկել երկար տարիներ: Շատ հայտնի են ողջ ֆլամենկո աշխարհում: Նկարահանվել են մի շարք դոկումենտալ երաժշտական ֆիլմերում: Նա մահացել է 2015թ.) կինը` Լոլե Մոնտոյան (Lole Montoyan)  ինձ հետ կապ հաստատեց, երբ ես Իսպանիայում նոր գիթառ  գնեցի և նկարը տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում: Նա առաջարկեց ինձ բեմական անուն ընտրել  Ռեյ Դե Ռեյես Տիգրան (Rey De Reyes Tigran(Արքայից արքա Տիգրան)): Այսպես ընտրեցի այդ անունը, բայց չկարողացա հարմարվել. մի տեսակ խորթ էր: Իմ իսպանացի ընկերներն ինձ Տիկո էին կանչում: Հետո  փոխեցի անունս` Տիկո Էլ Արմենիո (Tico El Armenio): Ընկերներս ասում են, որ այսպես ավելի  ֆլամենկո է հնչում:

Կա ՞ ն նոր պլաններ, ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի կկոչեք:

 -Նոր գաղափարներ, պլաններ շատ կան: Իրագործելն է մի քիչ բարդ: Ես միշտ ստեղծագործել եմ ֆլամենկո ժանրում, սակայն մինչ օրս ոչ մի գործ չեմ ձայնագրել: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Աշխատանքներս չեմ ձայնագրել, քանի որ այստեղ անհրաժեշտ պայմաններ չեմ կարողանում ստեղծել: Չունենք ֆլամենկո երգիչ, չունենք ֆլամենկո պարող, չունենք պալմաս խումբ (հատուկ ռիթմ ստեղծող): Դա ֆլամենկոյի ամենակարևոր մասն է: Հիմա իսպանացիների օգնությամբ ձայնագրում եմ գործիքային երաժշտություն: Մեր համատեղ աշխատանքով շուտով հանդես կգամ: Այդ ամենից զատ, նվագում ենք Լոս Ռեյես (Los Reyes) խմբում, որի կազմում է կինս ` Անին, ով ջութակահարուհի և օպերային երգչուհի է և ընկերս `գիթառահար Բագրատը: Նվագում ենք տարբեր վայրերում: Մեր նվագացանկն էլ է շատ տարբեր:  Պատրաստել ենք երեք ժամանոց ծրագիր, որի մեջ ներառել ենք համաշխարհային հիթեր, հանրահայտ երաժշտություն: Դա անում ենք գումար վաստակելու համար: Հուսամ մոտ ապագայում գումարային խնդիրը լիովին կլուծվի և մենք կկարողնանանք զբաղվել բացառապես մեր ոճերով: Պլանավորում եմ նաև ձայնագրվել իսպանացի երգիչ Կառլոս Դե Պեպայի (Carlos de Pepai)  հետ: Նա Իսպանիայում կայացած <<Golos>> մրցույթի հաղթողն է: Պլանավորում եմ նաև նորից Սևիլիա մեկնել: Ուզում եմ այնտեղ ձայնագրվել: Բացի դա, մոտ ապագայում տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ իմ հեղինակային աշխատանքներից մեկը:

— Ձեր պլանների զգալի մասը կապված է դրսի հետ, ինչո ՞ ւ:

— Դա ժանրային խնդիր է: Այստեղ շատերը ֆլամենկոն և լատինոն խառնում են: Էնտեղ ես իմ ափսեում եմ: Բացի դա, Հայաստանին և ֆլամենկոին կապող շատ փաստեր կան: Գնչուները, մինչև Անդալուզիա հասնելը, եկել և ժամանակավորապես հաստատվել են նաև Հայաստանում: Նրանք մեր մշակույթից շատ բաներ գիտեն, անգամ երգում են Հայաաստանը` կորցրած դրախտ լինելու  մասին: Դա շատ հին երգ է, բայց 2015թ. այդ երգը նորովի երգեցին  Էստրելա Մորենտեն ` Պակո Դե Լուսիայի հետ միասին: Ի դեպ 7 տարի առաջ Սանկտ Պետերբուրգում հանդիպեցի Պակո Դե Լուսիային: Հարցրեց արդյո ՞ ք իսպանացի եմ: Երբ պատասխանեցի, որ հայ եմ, բացականչեց ` <<Ole Aram Xachatryan>>:

Հայաստանի հանդիսատեսը կարողանո ՞ ւմ է ճիշտ հասկանում Ձեր երաժշտությունը:

-Էստեղ ևս ունենք շատ հետաքրքիր հանդիսատես: Ես վստահ եմ, որ այսօր երաշժտական ոլորտում ստեղծված քաոսի պատճառը լավ երաժշտության պակասն է: Պետք է շատ որակյալ և մաքուր երաժշտություն մատուցել հանդիսատեսին:Մեր երկրում շատ են տաղանդավոր երաժիշտները: Պետությունն ու մշակույթի նախարարությունը բոլորի համար լավ պայմաններ պետք է ապահովի: Ես հաճախ եմ դրսում լինում: Տեսնում եմ, համեմատում եմ ու զգում, որ իվերուստ մեր ազգին տրված է լավ մշակույթ կերտելը, իսկ մշակույթը, իմ պատկերացմամբ,  լեզու, ազգություն չի ճանաչում:

Եվ վերջում, գարնանային տոների շրջանակում, Ձեր բարեմաղթանքն աշխարհի կանանց:

— Կանանց է նվիրված աշխարհի գրականության և երաժշտության մեծ մասը: Ես շնորհավորում եմ բոլորին. ժպտացեք և երջանիկ եղեք: Իսկ ես իմ երաժշտության միջոցով կփորձեմ ավելին ասել:

Աիդա Ղարիբյան

Դիտվել է 152 անգամ
 


Այս թեմայով