Մնում ենք մենակ

1377076943Ուկրաինական  վերջին իրադարձություններից հետո կարծես թե  մինչ այդ առկա   աշխարհաքաղաքական  ստատուս քվոն խարխլվում է: Դրա ազդանշանները տեսանելի են հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ ձգձգվող սիրիական ճգնաժամն անցած օրերին նոր  զարգացումներ ունեցավ` ի դեմս թուրքական զինուժի` Քեսաբի եւ  հարակից բնակավայրերի վրա հարձակման: Այլեւս  ակնհայտ է դառնում, որ մեր բարդագույն տարածաշրջանում հետզհետե ավելի ու ավելի է սրվում երկբեւեռ աշխարհում ռազմաքաղաքական հստակ կողմնորոշման խնդիրը:

Երբ անցած տարեվերջին  հայտնի դարձավ, որ ռուսական ռազմաբազայում կտրուկ  ավելացվելու է ռուս սահմանապահների թիվը,  փորձագետներից շատերը դա պայմանավորեցին բացառապես հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Մինչդեռ այսօր արդեն տեսանելի է դառնում, որ Հայաստանում ռուսական զինուժի ներկայության  մեծացումը պայմանավորված է  ավելի մեծ` աշխարհաքաղաքական  զարգացումներով:

Նաեւ դրանով է պայմանավորված առաջիկայում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ  նոր  ռազմական համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է  միմյանց ուղղակի ռազմական օգնության տրամադրում` կողմերից մեկի դիմելու դեպքում: Նշենք, որ նախորդ` 2010թ. թուրք- ադրբեջանական ռազմական համաձայնագրում  երկկողմ ռազմական  օգնության մասին խոսք չկար: Եվ դա նաեւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման փոխգործակցությանը դեմ էր հանդես գալիս ՆԱՏՕ-ն: Սակայն ուկրաինական զարգացումներից հետո, փորձագետների գնահատմամբ, ՆԱՏՕ-ն ոչ միայն այլեւս չի ձգտում զսպել Թուրքիայի` տարածաշրջանում ռազմական ազդեցության ընդլայնման փորձերը, այլեւ  աջակցում է դրանց: Ավելին` Թուրքիայում անգամ քննարկվում է  այդ ռազմական համաձայնագիրը ոչ թե երկու, այլ երեք երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կնքելու տարբերակը:  Ու թեեւ առայժմ Վրաստանին ներգրավելու ծրագիրն ընդամենը խոսակցությունների մակարդակում է, չի բացառվում, որ առաջիկայում այն իրականանա: Առավել եւս` եթե Ռուսաստանն իր կայսերապաշտական նկրտումներում առաջիկայում փորձի ավելի հեռուն գնալ եւ Վրաստանի հետ կապված նոր ագրեսիա նախաձեռնի:

Իսկ որ նման սցենարը չի կարելի բացառել, այսօր քչերն են պատրաստ վիճարկել: Ուստի դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանն անելու է ամեն ինչ` իրեն հնարավորինս ապահովագրելու համար:

Ամեն դեպքում, եթե անգամ նշված պայմանագիրը կնքվի առանց Վրաստանի, միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ,  դա արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար, որի միակ հույսը դարձյալ ու վերստին մնում է ՌԴ-ն: Այն Ռուսաստանը, որն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայկական գործոնը դարձնում է շահարկման առարկա` սեփական խաղերում: Վերջին օրինակը քեսաբահայության «սպանությունների» մասին ռուսների ծրագրված ապատեղեկատվությունն էր:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով