Մի խումբ մարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդներին

12227184_446410398899212_4323729252562075116_nԱվանի թիվ 1/11 ընտրատեղամասում, ժամը 12.50-ի սահմաններում ընտրողներից մեկը ՔՀԻ դիտորդին հայտնել է, որ ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդների, որոնցով վերջինները պետք է քվեարկեն: Այս մասին ահազանգել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը»:

12:50 — 1/11, Ավան — Ընտրողներից մեկը ՔՀԻ դիտորդին հայտնել է, որ ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդների, որոնցով վերջինները պետք է քվեարկեն: Երբ ՔՀԻ դիտորդը դուրս է եկել՝ ստուգելու եւ արձանագրելու խախտումը, նկատել է, որ մի խումբ տղամարդիկ ինչ-որ թղթեր են բաժանում, սակայն երբ դիտորդին նկատել են, արագ հեռացել են: Դրանից անմիջապես հետո Բորիս անունով մի տղամարդ մոտեցել է ՔՀԻ դիտորդին եւ առաջարկել դուրս գալ «խոսելու»:

12:05 — 1/19, Ավան — Ընտրատեղամասում Լիանա անունով մի կին ուղղորդում է քվեարկողներին: ՔՀԻ դիտորդի հարցմանն ի պատասխան նա ասել է, որ ՀՀԿ վստահված անձ է, սակայն ոչ վկայական է ունեցել, ոչ էլ գրանցված է եղել գրանցամատյանում: Երբ դիտորդհ հանձնաժողովի նախագահին ասել է, որ այդ կնոջ ներկայությունն ընտրատեղամասում անօրինական է, հանձնաժողովի նախագահը իրավիճակը բացատրել է նրանով, որ այդ կինը մանկապարտեզի (որտեղ գտնվում է ընտրատեղամասը) աշխատակից է, այստեղ ամեն ինչ գիտի, «ընդամենն օգնում է»: Դիտորդի դիտարկումից հետո այդ կինը հեռացել է ընտրատեղամասից:

13:30 — 1/15, Ավան — ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ 1/15 ընտրատեղամասում մի երիտասարդ մոտեցել է քվեատուփին՝ ծրարը ձեռքին: Երբ հանձնաժողովի անդամը պահանջել է նրա անձնագիրը, նա հայտնել է, որ չունի, դրսում է և շտապ հեռացել է:

14:05 — 1/15, Ավան — Առանց անձնագրի քվեարկել փորձող ընտրողի քվեաթերթիկը ծրարով դեռ շարունակում է մնալ հանձնաժողովի նախագահի մոտ: ՔՀԻ դիտորդի՝ քվեարթերթիկը մարելու և խախտումն արձանագրելու պահանջին ի պատասխան, հանձնաժողովի նախագահն ասում է, որ նման պահանջ չկա և ինքը չի պատրաստվում մարել քվեաթերիկը կամ որևէ գրառում անել խախտման մասին:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Դիտվել է 76 անգամ
 


Այս թեմայով