Միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը

13235930_10201909293329829_1966631927_nՈղջունում եմ ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 7-րդ նիստի մասնակիցներին:

Հարգելի  պատգամավորներ, մասնակիցներ և ներկաներ.

Խորհրդարանական դիվանագիտությունը հանդիսանում է օրենսդիր փոխգործակցության լավագույն ձևաչափը: Այստեղ է, որ երկու և ավել երկրների խորհրդարանականները հնարավորություն են ունենում համատեղ աշխատանքային գործունեություն ծավալել:

Մեր բազմաբևեռ աշխարհում միջխորհրդարանական դիվանագիտության առաքելությունը չափազանց կարևոր է: Այն համակարգ է, որտեղ քննարկվում և կոորդինացվում են մի քանի պետությունների հասարակական կարծիքներն ու մոտեցումները որոշակի համընդհանուր խնդիրների շուրջ:

Միջխորհրդարանական վեհաժողովներն իրենց աշխատանքներում մոբիլիզացնում են վերոնշյալ և օրենսդիր գործունեությանն առնչվող մնացած բոլոր ճյուղերը:

Քաղաքականությունն այն բացառիկ գործոնն է, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած կոնֆլիկտ ՝  բացառելով ուժի կիրառումը: Ահա թե ինչու ենք մենք կարևորում քաղաքական գործընթացները, ինչու ենք շարունակաբար լավացնում հարաբերությունները մեր գործընկերների հետ և փոխշահավետ սկզբունքներով ծառայում ՝ հանուն հասարակության: Պետք է մշտապես գիտակցել, որ քաղաքական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Քաղաքական գործընթացներում չափազանց կարևոր է երիտասարդների մասնակցությունը, ովքեր արդեն վաղ տարիքից հնարավորություն են ունենում զբաղվելու գործնական քաղաքականությամբ և փորձ ձեռք բերել:

Ինչպես յուրաքանչյուր բնագավառում, այնպես էլ ՝  քաղաքականությունում, փորձն ունի անգնահատելի դերակատարում:

Երիտասարդական պառլամենտարիզմի զարգացման ժամանակակից մոտեցումները դարձել են առավել ճկուն: Հիմք ընդունելով նախորդ տարիների փորձն այժմ վստահ կարելի է ասել, որ կառույցներն ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներում գործող խորհրդարանների համար նոր հորիզոններ ու հեռանկարներ են բացում:

Ստեղծվում է փորձի փոխանակման և փոխգործակցության առավել ճկուն համակարգ, որի հիմքում ԱՊՀ երկրների ՝  միմյանց հետ ունեցած կապերն են:

Միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը. պլենար նիստերի աշխատանքային օրակարգերն ու դրանից բխող գործընթացները ցույց են տալիս, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ:

Երկրի կառավարման մի քանի օղակներ կան, դրանցից մեկը, եթե չասեմ կարևորագույնը, հենց օրենսդիր համակարգն է, որտեղ մշակվում են օրենսդրական նախաձեռնություններն ու իրավական ակտերը:

Դա չափացանզ պատասխանատու գործ է, քանզի անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ, հասկանալ հասարակական պահանջն ու ուղղորդվելով փորձագիտական եզրակացություններով, ձեռնամուխ լինել օրենքների մշակմանը:

Իրավական պետությունը, ժողովրդավարական արժեքներն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը յուրաքանյուր պետականության կարևորագույն հիմքերից են, որոնք թույլ են տալիս զարգանալ ճիշտ ու արդյունավետ ուղիներով:

Հայաստանի Հանրապետությունում արդեն 3 գումարում է ՝ գործում է երիտասարդական խորհրդարան, որն իր աշխատանքային մոդելով համապատասխանեցված է մեր երկրի Ազգային Ժողովի ձևաչափին՝ նույնաթիվ պատգամավորներով, մշտական հանձնաժողովներով, հաճախ ՝  անգամ նման աշխատանքային օրակարգերով:

Մեր երկրում այն ունի մեծ պահանջարկ երիտասարդության շրջանում, քանզի հնարավորություն է տալիս քաղաքական-հասարակական կյանքով հետաքրքրվող յուրաքանյուր երիտասարդի ներգրավվել երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր գործոնի վրա ՝  այն ժամանակը, որը Դուք ծախսում եք փորձ կուտակելու համար, դա օգտագործեք ռացիոնալ, մի՛ վախեցեք սխալվելուց, մի՛ վախեցեք լրացուցիչ հարցեր տալուց, դա արեք այնքան ժամանակ, մինչև Ձեր համար հստակ լինի յուրաքանչյուր մանրուք, որով Դուք զբաղվում եք:

Հիշեք, որ կատարելությունը ձևավորվում է մանրուքներից, իսկ քաղաքականության մեջ, ինչպես գիտեք, մանրուքներ առհասարակ չեն լինում:

Գիտակցեք, որ ցանկացած խնդիր կարող է ունենալ երկու տեսակի լուծում ՝ իրական և իմիտացիոն:

Եբբեք չուղղորդվեք իմիտացիայի սկզբունքով, միշտ իմացեք, որ պատասխանատվություն եք կրում ոչ միայն Ձեր,  այլև Ձեր հետևորդների և Ձեր քաղաքական հայացքները կիսողների համար:

Երբեք հուսախաբ մի՛ արեք այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն Ձեր գաղափարախոսությանը:

Անհաղթահարելի մարտահրավերներ չեն լինում, դրանք չկան ո՛չ կյանքում, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքականությունում:

Խոչընդոտները հաղթահարելիս մշտապես կարելի է հղում անել այս կամ այն գործոնին, որը խոչընդոտ է հանդիսանում մեր առջև դրված նպատակների հաղթահարման գործում, բայց կարելի է նաև այդ հղումներն անելու փոխարեն ուղղակի անել քայլեր, գնալ համապատասխան գործողությունների, որոնք թույլ կտան հասնել ցանկալի արդյունքի:

Հենց այստեղ է, որ երիտասարդների դերը շատ մեծ է. քաղաքական այն գիտելիքները, մոտեցումներն ու միջանձնային կապերը, որոնք այսօր ձեռք են բերվում, ապագայում անհրաժեշտ է օգտագործել վերնոշյալ բոլոր խնդիրների հաղթահարման համար:

Դա ամենևին էլ հեշտ չի լինելու, սակայն վստահ եմ, որ նոր մոտեցումների առջև բաց լինելը, խնդիրներին այլ տեսանկյուններից նայելն ու վճռականությունը միանշանակ կօգնեն հասնել բոլորիս կողմից ցանկալի արդյունքին:

Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանքներ: Շնորհակալություն

 ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթը ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 7-րդ նիստում

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով