ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել հայ ընտանիքին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի (Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, որը կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել:

Հայցվորը 374.814 եվրո փոխհատուցում էր պահանջել 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար: Նա նաև նշել էր, որ իրեն մի քանի անգամ մերժել են հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու հարցում։

Հայտնի է, որ նրա մահից հետո, այրին ու երեխաները ճանաչվել են իրավահաջորդ:

Այժմ ՄԻԵԴ-ի մեծ պալատը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, 35.000 եվրո վճարի՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի համար: Աղբյուրը մանրամասնում է, որ գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:

Նշվում է, որ այս գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին, 8-րդ և 13-րդ հոդվածների խախտում։

Այս թեմայով