Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը և բացել սահմանները Հայաստանի հետ

«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համաժողովին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «ՀՀ դիվանագիտության ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ» քննարկմանը հանդես եկավ ելույթով:

Նա անդրադարձավ Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին, որով անցում կատարվեց  նախագահական կառավարմանը: «Այն հիմնված է մեկ կրոնի և մեկ ինքնության վրա, ես ասացի, որ մեծ սխալ կկատարվի»,-ասաց նա:

Կարո Փայլանը նշեց, որ դժբախտաբար Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը: Նա նշեց, որ այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի, պահանջների մասին:

«Թուրքահայերն ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան: Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, ո՛չ Թուրքիայի քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել»,-ասաց նա:

Կարո Փայլանը նշեց, որ Թուրքիան վերադարձավ այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում Ցեղասպանության բառի գործածությունը հանցանք է համարվում:

«Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքը աչքերը կգոցեր Ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»,-ասաց նա:

Կարո Փայլանը նկատեց, որ ժողովրդավարության պայքարը դժվար պայքար է, բայց վերջին 2 տարվա ընթացքում ազգայնամոլությունն է հաստատվում:

«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,-ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը, և չորս սերունդ է՝ պայքարում ենք, որ արդար լուծում ստանա:

«Թուրքան մութ շրջանում է նորից, և այդ մտայնությունը շատ լավ գիտենք, որ ոճիր կգործի: Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ, և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա»,-ասաց նա:

Կարո Փայլանը նշեց, որ թեև ինչ-որ շրջանում փորձում էր Թուրքիայում հաստատվեր «գարուն», սակայն հիմա Թուրքիան ապրում է «մութ ձմեռ»: Նա եզրափակեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինքը շարունակելու է պայքարել դրա համար:

 


Այս թեմայով