Միակ լուծումը քաղաքացիների ճնշումն է՝ գործող համակարգի վրա

 «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հասարակական ճնշումը միակ ելքն է՝ պայքարելու ստեղծված իրավիճակի դեմ, որպեսզի իշխանությունն ամենաթողությունից մի քայլ հետ գնա. «Պետք է հասկանան, որ հասարակությունն իրենց ամենաթողությունը չի ներելու»։

Գորգիսյանը ելույթում շեշտեց, որ  Հայաստանում թանկացումները երբեք կապ չեն ունեցել համաշխարհային գների հետ. «Մեզ մոտ համաշխարհային գներն ուղղակի պատրվակ են՝ հերթական անգամ գերշահույթներ ստանալու համար։ Ակցիզային և ԱԱՀ դաշտ բերելու շնորհիվ թանկացել են առաջնային ապրանքները՝ բենզին, գազ և դիզվառելիք։ Այս ամենը մտնելու է ամեն ինչի ինքնարժեքի մեջ։ Հենց հիմա արդեն շուկայում միրգ-բանջարեղենը թանկացել է, որովհետև ապրանքները տեղափոխող բեռնատարներն աշխատում են դիզվառելիքով, և հետևաբար՝ ինքնարժեքի մեջ արդեն այդ ամենը կա»։

Վերջինիս համոմզմամբ՝ դեռ նախորդ տարիներից ունենք գնաճ և աշխատավարձերի չբարձրացում, որը բերում է գնողունակության անկման և սոցիալական ճգնաժամի ավելացման: «Այս ամենի ֆոնին՝ պետությունը քաղաքացիների կողքին կանգնելու և սոցիալական բեռը թեթևացնելու փոխարեն՝ գալիս՝ մի քիչ բեռ էլ ինքն է ավելացնում, աշխատավարձերը նվազեցնում:

Քաղաքական էլիտայի մոտ չկա տեսլական, թե ո՞ւր ենք գնում, կա ընդամենը գոյատևման նպատակ: Մեր բյուջեն գոյատևման բյուջե է։ Սրանից ավելի որևէ մոտեցում կամ հեռանկար չկա։ Այս պարագայում միակ լուծումը կարող է լինել քաղաքացիների ճնշումը՝ գործող համակարգի վրա»։

Այս թեմայով