Մեր պատասխանը Բոլթոնին

​Ինչպես երևում է՝ պետք է պատրաստ լինենք ամեն տարի խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելուն… արտահերթն ու հերթականն էլ շուտով կխառնենք: 2017-ին ընտրեցինք, 2018-ին ընտրում ենք, 2019-ին էլ կընտրենք , քանի որ նախաամանորյա խորհրդարանը ևս չի արտահայտելու հասարակության իրական պատկերն ու տրամադրությունները, ինչը պարզորոշ տեսնում են քաղաքագետներն ու փորձագետները (օրինակ՝ նոյեմբերի 7-ին «Ազատ միտք և ազատ խոսք» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում https://yerevan.today/): Մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ասվածներին նոր կամ ավելի խելացի բան ավելացնել, բայց ցավն այն է, որ լսող չկա: Լսում ու հասկանում են մարդիկ, ովքեր առանց այդ էլ նույն կերպ են մտածում, իսկ այն հատվածը, ում իրականում հասցեագրված է՝ բանի տեղ էլ չի դնում: Էս ո՞ւր ենք հասել, թշնամանքի ինչ անհատնում չափաբաժին է ներարկված, որ թույլ չի տալիս սթափ ընկալել ակնհայտ վտանգները միայն այն պատճառով , որ հնչեցվում են հակառակ հայտարարված ճամբարից:

​Եթե բաց աչքերով նայենք ապրիլից ի վեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա զգացվում է, որ արված յուրաքանչյուր քայլի տակ բազում շերտեր կան… մեծ, շատ մեծ մանիպուլյատիվ խաղ է ընթանում, որի միայն մեկ գործող անձը՝ Նիկոլ Փաշինյանն է ասպարեզում: Իրական խաղացողները թաքնված են, իհարկե այն նվազ չափով, որքան հնարավոր է այսօրվա բաց աշխարհում աննկատ ձևանալ: ԱՄՆ նախագահի Անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցից և նրա հնչեցրած բացահայտ հրահանգներից հետո՝ հասկացանք խաղի մոտավոր պատկերը: Հասկացանք նաև, որ մեր պետության անվտանգությունն է լրջորեն հարցականի տակ դրվում:

Իսկը ժամանակն է ողջ ուժով գործի դնել դարերի ընթացքում կորչող-վեր հառնող մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը՝ օգտվելով այն հանգամանքից, որ տիկնիկավարը շտապեց բացել իր խաղաքարտերը… անզգուշաբար, թե գիտակցված՝ իր խնդիրն է: Մեր պարտքն է օգտվելով զգուշացված լինելու առավելությունից՝ անել հակընդեմ քայլեր: Եվ, քանի որ, հանրապետության ողջ քաղաքական շերտերը գլխովին սուզված են ընտրախաղում, ինչը ևս պարտադրված խաղի շրջանակներում է, ապա հասարակության ուսերին է ընկնում ուժերի դասավորությունը Հայաստանի օգտին փոխելու առաքելությունը: Ինչպե՞ս: Պարզապես դեկտեմբերի 9-ին կատարել ազգանպաստ ընտրություն… հենց Նիկոլ Փաշինյանին անելանելի վիճակից փրկելու համար անենք այնպես, որ նա վարչապետ չընտրվի: Բոլթոնին էլ կասի՝ ՛՛Չստացվեց, ի՞նչ անեմ… ժողովուրդն ինձ չընտրեց՛՛: Սա էլ կլինի մեր պատասխանը Բոլթոնին:

​Եվ կունենանք հետևյալ պատկերը՝ Փաշինյանի հեղաշրջման շնորհիվ քանդվեց կոռուպցիոն կարծրացած համակարգը: Ավելին՝ սա մի հիանալի դաս- նախազգուշացում էր բոլորին, որ Հայաստանում երկու ժամկետից ավել ոչ ոք չի կարող իշխել: Այս անուրանալի ձեռքբերումներով Փաշինյանը կարող է մեր պատմության մեջ մնալ դրական երանգավորմամբ՝ փրկելով ինքն իրեն ՛՛հող հանձնողի՛՛ դավաճանական խարանից: Այլ կերպ ինչպե՞ս է խուսափելու տիկնիկավարների առջև ստանձնած ազգադավ հրահանգների իրականացումից: Միայն ժողովրդի անհամաձայնությամբ: Իսկ ժողովրդի ազատ կամարտահայտության դեմ ի՞նչ փաստարկներ պիտի բերեն աշխարհը ժողովրդավարեցնելու անվան տակ երկրներ կործանող բոլթոններն ու սորոսները:

​Ժողովրդին ոչ ոք չի կարող ստիպել անել իր շահերի դեմ միտված ինքնակործան արարքներ: Ժողովուրդը բնազդով հիանալի հասկանում է, որ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Վաղվա անկանխատեսելի արհավիրքների դեմ գլուխներիս տալու փոխարեն՝ այսօր կարող ենք տեր կանգնել մեր երկրի ապագային՝ թույլ չտալով օտար ուժերին մեր տանը մեզ ապրել սովորեցնել:

​Դեկտեմբերի 9-ին գնում ենք պարտադրված, արտահերթ, թանկարժեք ընտրությունների (կառավարությունը մոտ 3 միլիարդ դրամ է հատկացրել ընտրությունների կազմակերպման համար): Կարող ենք անզոր –անճարակ լինելով թույլ տալ, որ վեհ կարգախոսներով մեզ խաղացնեն մատների վրա՝ ամիսներ անց նույն կոտրած տաշտակի առաջ հայտնվելու հեռանկարով: Կարող ենք նաև ստեղծված իրավիճակն ի շահ մեր ազգի փոխել… այս դեպքում միակ հույսը մեր համերկրացիների թմբիրից օր առաջ արթնանալն է:

Անի Սահակյան

Այս թեմայով