Մեր զինվորները դուխով են, հզոր, նվիրված, բայց սահմանին պետք է կանգնեն պայմանագրային զինծառայողներ. Գագիկ Ծառուկյան

Մեր երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է փոխել Հարկային օրենսգիրքը, տնտեսվարողներին և ներդրողներին հարկային արտոնություններ տալ: Գյումրիում անցկացված քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Երկրորդը կարևոր խնդիրն, ըստ նրա, փոփոխություններն են բանկային համակարգում: «Բանկային համակարգը ես անվանում եմ լոմբարդային համակարգ, բայց մարդը բանկին դիմելուց պետք է օգտվի և ոչ թե կորցնի: Բանկերի քանակը պետք է լինի 3-4՝ ներկայիս 20-ի փոխարեն, բանկերում պիտի մրցակցություն լինի, որ յուրաքանչյուրն աշխատի ցածր տոկոսադրույքով: Գյուղատնտեսական, փոքր և միջին բիզնեսի, երիտասարդական ընտանիքներին տրամադրվող վարկերը պետք է տրամադրվեն էժան՝ 0-2 տոկոսով»,- ընդգծեց ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ դպրոցը և բուհը գերազանց ավարտող որևէ ուսանող իրավունք չունի անգործ մնալ, պետությունն, ըստ նրա, պետք է այնպես անի, որ լավ սովորող ուսանողն ավարտելուց անմիջապես հետո աշխատանք ունենա: Ինչպես նաև որևէ ուսանող, ըստ ԲՀԿ առաջնորդի, չպետք է դուրս մնա բուհից ուսման վարձը չվճարելու պատճառով:

Գ. Ծառուկյանը նշեց, որ 18 տարեկան երիտասարդները չպետք է ծառայեն առաջնագծում, այնտեղ պետք է լինեն միայն պայմանագրայիններ: «Մեր զինվորներն, իրոք, դուխով են, հզոր են, նվիրված են, բայց անփորձ են, սահմանին պետք է կանգնեն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը, որ «այնքան փամփուշտ արտադրենք, որ չկարողանանք այդքանը կրակել»:

Առողջապահության ոլորտում ԲՀԿ նախագահը պետպատվերի համակարգի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով՝ պետության հատկացրած միջոցները փոշիանում են, իսկ մարդիկ չեն կարողանում անվճար օգտվել բժշկական ծառայություններից: «Առաջարկում եմ պետպատվերի գումարը վաուչերի ձևով տրամադրել, ամեն մարզում մեկ հիվանդանոց ունենալ, Երևանում՝ երկու, և հարցը կլուծվի, իսկ մեծահարուստներն էլ թող այլ վճարովի կլինիկաներում բուժվեն»,- շեշտեց Գ.Ծառուկյանը:

Նա գյումրեցիներին հորդորեց դեկտեմբերի 9-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել այն կուսակցության օգտին, ում ավելի շատ են վստահում ու հավատում՝ չմոռանալով, որ իրենք ու իրենց երեխաներն են ապրելու այս երկրում:

Այս թեմայով