Մետրոպոլիտենի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման հեռանկարը. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

Մետրոպոլիտենի զարգացման հեռանկարի մասին քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

Գործող կայարաններով պակասել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորատարությունը, իսկ նոր կայարանների շինարարությունը կապված է ֆինանսական հսկայական ծախսերի հետ: Ոչ մեծ միջոցների ներդրմամբ հարցի լուծման հնարավոր տարբեր առաջարկներ են շրջանառվում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին:

Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Նա ներկայացրել է Պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի «Սուրմալու» («Սուրբ Մարի») կայարանի, մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ իր նախագծերը:

Մետրոպոլիտենի երկու՝ «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև «Սուրմալու» նոր կայարանը հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, դա կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը:

Արմեն Ղուլարյանը ծանոթանալով նախագծային աշխատանքին, նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն: Նա առաջարկել է Նիկոլ Դավթյանին՝ քննարկում կազմակերպել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ` ներկայացված նախագիծը մասնագիտական բոլոր չափորոշիչներին համապատասխան քննարկելու և ապագայում կիրառելու համար:

Այս թեմայով