Մենք պետք է կանգնենք ու ասենք՝ ոչ. Արծվիկ Մինասյան

Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անում է, որ բացահայտվեն ապօրինի ծառահատումները, իսկ հեղինակները՝ պատժվեն:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով հարուցված քրեական գործի մասին, ըստ որի՝ հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստացող կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ:

Արծվիկ Մինասյանը հավաստիացրեց, որ իրենք բացահայտումների հարցում ամենաշահագրգիռ կողմերից մեկն են:

«Ներկայումս էլ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ 4 անտառտնտեսություններում: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականացնել ու իրականացնում, որից 9-ը անտառահատումների վերաբերյալ է: Մեր նպատակն է՝ բացահայտել բոլոր հնարավոր իրավախախտումները, օգնել ու օժանդակել իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, որ լիարժեք բացահայտումներ լինեն:

Այն անձինք, պաշտոնատար այն անձինք, հասարակության մեջ որոշակի դերակատարություն ունեցող անձինք, ովքեր քաջալերում են, օժանդակում են ապօրինի գործողություններ, նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության: Չի կարելի ապօրինությունը դարձնել կյանքի նորմ: Սա է մեր սկզբունքը: Մենք մեր լիազորությունների շրջանակներում օժանդակում ենք, իրականացնում ենք լայնամասշտաբ ստուգումներ»,- նշեց նախարարը:

Հարցին՝ շա՞տ են նման դեպքերը, երբ ապօրինի գործողություններ են կատարվում, Մինասյանը պատասխանեց. «Դուք առաջիկայում կլսեք առաջիկա դեպքերի մասին»:

Մինասյանն ասաց, որ Դիլիջան ազգային պարկում, Տավուշի անտառտնտեսություններում նախատեսվում է առաջիկայում հարուցել ևս 4 քրեական գործ, այն էլ՝ նեղ ֆինանսական միջոցների պարագայում:

 


Այս թեմայով