Մենք պետք է զենք արտադրենք, բայց չենք գիտակցում դա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական եւ ռազ­մա­տեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է:

Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների եւ գույքի մի մասը արտադրել հենց երկրում: Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ):

Նպատակը շատ լավն է, անշուշտ: Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը եւ արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը: Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ: Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս: Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: Աշխարհում մատների վրա կարելի հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել: Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին: Իսրայելական թե հետախուզական, եւ թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած: Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ՝ զարգացնել ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի:

Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին:

Ռազմական արդյունաբերությունը ունի մի հետաքրքիր «բնավորություն»: Տարիներ շարունակ նա նստում է տնտեսության «ուսերին», քամում նրանից ահռելի ռեսուրսներ, սակայն մի պահից սկսած՝ տասնապատիկը վերադարձնում: Այսօր ամբողջ աշխարհում քաղաքացիական տնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը վերցված են հենց ռազմական մշակումներից: Բայց ամենասկզբում ռազմարդյունաբերական համալիրը «ձրիակերի» պես պետք է նստի տնտեսության ուսերին, տնտեսությունն էլ պետք է համբերատար ու հետեւողականորեն կերակրի այդ «ձրիակերին»: Ընդ որում, որքան շատ ու համեղ «կերակրի», այնքան շուտ կգա այն պահը, երբ ռազմարդյունաբերեւական համալիրը կսկսի փոխհատուցել իր վրա կատարած ծախսերը: Մենք այսօր էլ որոշակի զենք- զինամթերք արտադրում ենք, սկսած նռնակներից ու ականներից՝ մինչեւ անօդաչու սարքեր: Բայց, օրինակ, մեր անօդաչուները անընդհատ կարիք ունեն արդիականացման, բազմազանեցման:

Մեր արտադրած զինատեսակաները անընդհատ մրցակցության մեջ են լինելու աշխարհի լավագույն արտադրատեսակների հետ: Մեր անօդաչուները, օրինակ, պետք է ունենան շատ լավ էլեկտրոնային պաշտպանության համակարգ, որովհետեւ մեր հակառակորդը դրանք վերացնելու համար օգտագործելու է ոչ թե իր մշակած տեխնիկան, այլ, ասենք, իսրայելականը: Այսինքն, մեր անօդաչուները պետք է լինեն իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույնը եւ անընդհատ, ամեն ժամ արդիականացվեն, որովհետեւ անընդհատ արդիականացվելու է նաեւ հակառակորդի տրամադրության տակ եղած տեխնիկան: Մի խոսքով, առանց հզոր, որակապես ու քանակապես զարգացող տնտեսության՝ մեր ռազմարդյունաբերական համալիրը չի կարող կայանալ: Իսկ դա նշանակում է, որ զարգացած տնտեսություն ունենալը ոչ թե հաճույք է, այլ անհրաժեշտություն: Կենսական անհրաժեշտություն: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը այդ գիտակցումը չունի: Կամ եթե ունի, ապա խնամքով թաքցնում է այն: Եթե լիներ այդպիսի գիտակցում, ապա տնտեսությունը չէր նվիրաբերվի մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին: Եթե լիներ այդպիսի գիտակցում, բիզնեսն ու իշխանությունը այսպես չէին սերտաճի, կոռուպցիան այսպիսի ամուր ու կառուցվածքային բնույթ չէր ունենա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով