Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է. Նախագահը` համայնքապետերին

Ամուր տեղական ինքնակառավարումը և անկախ դատական իշխանությունը, թերևս, ամենակարևոր քննություններն են, որ մենք հանձնում ենք՝ որպես պետականություն կերտող ժողովուրդ: Հենց այդ քննությունները հաջողությամբ հանձնելուց է կախված մեր երկրի ապագան:

Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստի շրջանակներում ունեցած իր ելույթում։

«Սա մեր պետությունն է, մեր ընդհանրական պատասխանատվությունը, ուստի մեղքն ուրիշի վրա բարդելու առիթ և արդարացում չպետք է փնտրենք: Ժողովրդավարություն հասկացությունն անիմաստ է առանց կայացած տեղական ինքնակառավարման: Սա է իսկապես կարևոր դարձնում այս քննությունը մեր հասարակության և պետության համար:

Մենք կարող ենք և պարտավոր ենք միասին ու պատվով հանձնել այս քննությունը, բայց որպեսզի կարողանանք դա անել, ուղղակի պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը մեր պարտականությունների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ:

Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:
Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք այո, ապա ես ասում եմ հետևյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված:

Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»,–ասել է Նախագահը։

Այս թեմայով