Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մենք ունենք տգետ բժիշկներ, տգետ իրավաբաններ, տգետ դատավորներ. Նաիրա Զոհաբյան (Տեսանյութ)

Մենք ունենք տգետ բժիշկներ, տգետ իրավաբաններ, տգետ դատավորներ. Նաիրա Զոհաբյան (Տեսանյութ)

82930Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում է 2015 թվականաի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումը: ԱԺ-ի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց նախորդ տարվա ձեռքբերումները, կատարված աշխատանքները: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմելով Լեւոն Մկրտչյանին՝ ասաց. «Պարոն Մկրտչյան, կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ մեր կրթական եւ հատկապես բուհական համակարգը լրջագույն, անգամ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր ղեկավարած կուսակցությունը մշակել է մի օրենսդրական նախագիծ, որով դասերից բացակայած ուսանողները ստիպված կլինեն վճարել իրենց բացակայությունների համար: Նախագծի քննարկմանը նա հրավիրեց ԿԳ նախարարին: «Բայց չեք կարծում, որ մեզանում բուհական համակարգում արմատավորած բազմաթիվ երեւույթներ կանխելու համար, մասնավորապես՝ էլիտար ֆակուլտետներ, էլիտար բուհեր, էլիտար ուսանողներ երեւույթը արմատախիլ անելու համար մենք պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի առաջարկած մոդելի համաձայն՝ բոլոր ցանկացողները կարող են ընդունվել բուհ, իսկ 6 ամիս հետո քննություն են հանձնելու, որից հետո ուսանողները կզտվեն:

«Որովհետեւ մենք ունենք էլիտար ֆակուլտետներ, որտեղ շարքային, տաղանդավոր, բայց անվճարունակ երեխան չի կարող ընդունվել: Դա իրավաբանական ֆակուլտետն է, դա միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է, դա բժշկական ինստիտուտն է, որի արդյունքում մենք այսօր ունենք տգետ բժիշկներ, արդարադատության համակարգը լցված է տգետ դատավորներով, տգետ իրավաբաններով եւ սա համազգային ողբերգություն եմ ես համարում, սա լրջագույն խնդիր է»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պատասխանելով պատգամավորի հայտարարություններին, ասաց, որ կրթական համակարգն ավելի պահպանողական եւ ծանր համակարգ է: «Ես կխուսափեի միանշանակ գնահատական տալուց: Մենք հիմա բոլորս էս մեր կրթական համակարգի արդյունքն ենք այստեղ նստած, նաեւ խորհրդային շրջանի: Խորհրդային շրջանում էլ հավատացնում եմ՝ տգետ մասնագետներ, տգեր իրավաբաններ, էլիտար համակարգի ներկայացուցիչներ, ռայկոմի քարտուղարների առանձնաշնորհյալ երեխաներ, բանակից խուսափողներ միշտ էլ եղել են»,- ասաց Լեւոն Մկրտչյանը՝ համաձայնվելով, որ խնդիր իսկապես կա բուհերում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

http://armtimes.com/

 

Դիտվել է 365 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy