Մենք որևէ մեկին «նեղը գցելու» նպատակ և ցանկություն չունենք. Մախմուդյան

ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջ դրած խնդիրների և հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ակնկալվող արդյունքների մասին Politik.am-ը զրուցել է հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ:
-Պարոն Մախմուդյան սեպտեմբերի 19-ին կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նախ կխնդրենք մանրամասնել՝ ի՞նչ լիազորություններով է օժտված այս հանձնաժողովը և ինչո՞վ է այն տարբերվում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից:

-Այստեղ շատ կարևոր է հասարակական ընկալումը քննիչ հանձնաժողովը ժամանակավոր հանձնաժողովներից տարբերելու մասով: Նախ պետք է նշել, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ սահմանադրության 108-րդ հոդվածով սահմանվեց քննիչ հանձնաժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը, ըստ որի՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս հանձնաժողովի ստեղծումը բխում է խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման տրամաբանությունից և դրա կարևորությունն արդեն իսկ սահմանադրական մակարդակով ամրագրված լինելն է:
Երկրի մայր օրենքը սահմանում է քննիչ հանձնաժողովի իրավական կարգավիճակը ընդհանուր առմամբ, իսկ արդեն գործունեության մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքով: ՀՀ սահմանադրության նույն 108-րդ հոդվածի 3-րդ մասը շատ հստակ սահմանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց պարտականությունը՝ քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով հանձնաժողովին տրամադրելու հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն արգելված չէ օրենքով:
Իհարկե, արդեն Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքը մանրամասնորեն սահմանում է հանձնաժողովի ստեղծման ու գործունեության կարգը, հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքներն ու պարտականությունները, զեկույցների կազմման ու տրամադրման կարգը և վերջապես այն սահմանափակումները, որոնց առկայության պայմաններում քննիչ հանձնաժողովի նիստում այդպիսի հարցեր քննության առարկա չեն կարող դառնալ:
Ի տարբերություն քննիչ հանձնաժողովի, ժամանակավոր հանձնաժողովների կարգավորման առարկան այլ է: Այն նույնպես սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, որի 107-րդ հոդվածի համաձայնՙ Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ինչպես նկատեցիք ժամանակավոր հանձնաժողովը առնվազն երկու պայմանով տարբերվում է քննիչ հանձնաժողովից. Առաջին, ձևավորման կարգը և ձևավորող սուբյեկտը (ես նկատի ունեմ մի դեպքում ԱԺ որոշմամբ, մյուս դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի պահանջ), և երկրորդ, այն հարցերի բնույթը, որոնք վերապահված են հենց ժամանակավոր հանձնաժողովի իրավասությանը:
-Ի՞նչ հաճախականությամբ են տեղի ունենալու նիստերը: Այս պահին կա կոնկրետ պաշտոնյաների շրջանակ, ովքեր պետք է հրավիրվեն և պատասխանեն ձեր հարցերին: Կարո՞ղ են պաշտոնյաները հրաժարվել հանձնաժողով գալուց:
-Գիտեք, Հանձնաժողովի գործունեության սկզբունքային ուղղությունները նախանշելուց զատ, օրենսդիրը այդ նիստերի հաճախականությունը և այլն թողել է ստեղծված քննիչ հանձնաժողովի հայեցողությանը: Մի բան հստակ է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, իհարկե կարող է Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել ևս 6 ամսով, բայց ընդհանուր կանոնն այն է, որ անկախ նրանից թե Հանձնաժողովը ինչ հաճախականությամբ է նիստեր հրավիրում, կարևորը կանոնակարգով սահմանված ժամկետներում հարցի քննարկումն ավարտելն է: Տվյալ պարագայում այս քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետ այս պահին սահմանվել է 2 ամիս, այսինքն եթե Հանձնաժողովը գտնում է որ դեռևս բոլոր հարցերը պարզաբանված չեն կարող է ժամկետը նորից երկարացվել: Այս պահին չկան դեռևս այն սուբյեկտների ցանկը, ովքեր պետք է հրավիրվեն հանձնաժողով, քանի որ նորաստեղծ Հանձնաժողովի սեպտեմբերի 19-ի անդրանիկ նիստում հանձնաժողովների անդամների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի մինչև հաջորդ շաբաթ, ավելի հստակ սեպտեմբերի 28-ին հրավիրված նիստում անդամները ներկայացնեն առաջարկներ և ըստ այդմ կկայացվի համապատասխան որոշում:
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնյաների կողմից Հանձնաժողով ներակայանալուց հրաժարվելուն, ապա պետք է նշել, որ այդ հարցի պատասխանը տրված է հենց Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 22-րդ հոդվածում, համաձայն որի, Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են….ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Ես կարծում եմ չներկայանալով նշված պաշտոնատար անձինք խախտելու են ոչ միայն Կանոնակարգի այս հոդվածը, այլև ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը, ըստ որի, Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
-Պարոն Մախմուդյան շատերը քննադատեցին ձեր խմբակցությանը հայտարարելով, որ այս հանձնաժողովի ստեղծմամբ փորձում եք նեղը գցել նոր կառավարությանը:
-Մենք անկեղծ ասած, որևէ մեկին նեղը գցելու նպատակ և ցանկություն չունենք: Շատ հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ, լիագումար նիստում քննադատեցին, սակայն հետագայում եկել և մասնակցում են քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Մնացած հետևությունները թողնում եմ Ձեզ: Վստահեցնում եմ, որ սույն Հանձնաժողովի ստեղծումը որևէ ենթատեքստ չունի, քանի որ դրա նպատակը մեկն է՝ հանրության հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք կապված են մեզ հայտնի գաղտնալսման հետ պիտի փորձենք բացահայտենլ, իհարկե այն ծավալով, որը չի վերաբերելու արդեն իսկ հարուցված քրեական գործերի շրջանակներին:
-Ի վերջո ի՞նչ կտա հանձնաժողովի աշխատանքը, վերջնական զեկույցի պատրաստ լինելուց հետո ի՞նչ է սպասվում:
-Գիտեք, այս պահին չեմ կարող կանխատեսել թե ինչ կտա Հանձնաժողովի աշխատանքը, բայց որ այն սահմանադրական մակարդակով մի գործիքակազմ է, որով Խորհրդարանը վերահսկողական գործառույթ է իրականացնում, առնվազն այդ մասով ՀՀ ազգային ժողովը օգտվել է իր սահմանադրական առաքելությունից, առավել ևս հնչեղություն ստացած հարցը շոշափում է մեզանից յուրաքանչյուր քաղաքացու շահերը: Ես Ազգային ժողովի նիստերի դահլիճում էլ եմ ասել, վերջապես պետք է պարզենք, ի վերջո համատարած մեզ բոլորիս գաղտնալսու՞մ են, թե՞ ոչ: Այնպես որ, եկեք համբերենք և սպասենք Հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին:

Այս թեմայով