«Մենք ոչ թէ պիտի լինենք որս, այլ՝ որսորդ»

Սեպեմբերի 19-ին կայացավ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում նորաստեղծ (հիմնադրվել է ս.թ. հունիսին) հասարակական կազմակերպության անդամների հանդիպումը Արցախյան ազատամարտի հերոս Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ, ով նաեւ «Հայաստանի ԴՈՍԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարն է, ինչպես նաեւ «Հայաստանի ԴՈՍԱՖ» կազմակերպության անդամ այլ բարձրաստիճան սպաների հետ:

Գեներալը ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը՝ ստեղծել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում: Նա լսեց «Դիրքապահ»-ի տղաներին, տվեց իր խորհուրդները: Ջերմ եւ անմիջական քննարկման արդյունքում կողմերը նաեւ կիսվեցին մարտական գործողություններին մասնակցելու իրենց փորձառությամբ, ինչպես նաեւ Ազգային բանակում առկա հիմնախնդիրների կապակցությամբ իրենց մտահոգություններով:

Քննարկումների արդյունքում որոշվեց սկսել ինստիտուցիոնալ համագործակցություն երկու հասարակական միավորումների միջեւ, իրականացնել համատեղ ծրագրեր, եւ այդ կապակցությամբ հուշագիր ստորագրել։

Հանդիպման ընթացքում գնդապետ Մուրադյանը «Դիրքապահ»-ի տղաների համար անցկացրեց հատուկ դասընթաց: Պայմանավորվեցին, որ դասընթացը շարունակական կլինի, ինչը թույլ կտա զորացրված տղաներին չկորցնել մարտական պատրաստականության մակարդակը, կարողություններն ու հմտությունները: Դասընթացի կարգախոսն էր «Մենք ոչ թէ պիտի լինենք որս, այլ՝ որսորդ»:

Պայմանավորվեցին նման հանդիպումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպմանը քննարկել համատեղ ծրագրերի նախագծեր:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների

միավորման լրատվական ծառայություն

 


Այս թեմայով