Մենք կարող էինք այդ ինքնաթիռում լինել

2310591121446545663Վերջին պահին ինքնաթիռի տոմսի փոփոխությունը փրկել է մի երիտասարդ աղջկա և նրա ընկերուհու կյանքը. նրանք չեն նստել Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել շաբաթ օրը:

Պետրոզավոդսկի բնակչուհի Եկատերինա Գյունինեն RT-ին հայտնել է, որ որոշել են Պետերբուրգի փոխարեն Մոսկվա թռչել, քանի որ Մոսկվայի տոմսը 188 դոլարով ավելի էժան է եղել:

«Չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե ես այդ ինքնաթիռում լինեի: Ինչ կլիներ մայրիկիս, հայրիկիս, քրոջս ու եղբորս հետ: Սա շատ ցավալի է», — ասել է նա:

Իմանալով, որ Կոգալիմավիայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդ բարձրանալուց 23 րոպե անց` Եկատերինան անմիջապես զանգահարել է մայրիկին, որպեսզի հայտնի, որ ինքը լավ է:

«Մայրս զանգահարեց 15 րոպե անց: Դա ինձ համար ամենահուզիչ պահն էր, քանի որ մայրս, ով ինձնից հազարավոր կիլոմետրեր հեռու է ապրում, արցունքների միջից ասաց. «Փառք Աստծո, որ դու ողջ ես»», — պատմել է Եկատերինան:

Այդ պահին է միայն աղջիկը «գիտակցել» տեղի ունեցածը. «Մենք կարող էինք այդ ինքնաթիռում լինել, կարող էինք մահանալ»:

Նրանց ինքնաթիռը 10 ժամ ուշացումով թռչել է Մոսկվա: Բոլորը ինքնաթիռում գիտեին տեղի ունեցածի մասին, ինչի հետևանքով զոհվել էր 224 մարդ` այդ թվում 25 երեխա:

«Երբ հետ էինք վերադառնում, ինքնաթիռում քար լռություն էր տիրում: Բոլորը վեր էին թռչում մի աղմուկից կամ ցնցումից», — ասել է երիտասարդ աղջիկը: Ըստ նրա` անձնակազմը շատ է աջակցել ուղևորներին` իրենց օգնությունն առաջարկելով:

«Ես ինքս ինձ խոստացել եմ, որ եկեղեցի եմ գնալու ու մոմ վառելու` ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր տուն չհասան: Ցավում եմ շատ: Սա մեծ ողբերգություն է: Ես մոմ եմ վառել զոհերի հարազատների համար, քանի որ ընտանիք կորցնելը` հատկապես երեխաներ, նորածիններ, թոռնիկներ, շատ ցավալի է», — եզրափակել է Եկատերինան:

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով