Մենք գումար ունենք. Հովիկ Աբրահամյան

hovik-abrahamyan2-600x389Հայաստանում կա սպառազինության համար անհրաժեշտ գումար: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ անդրադառնալով քննադատություններին, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ զենքի համար գումար չկա, բայց կառավարությունը մեծ գումարներ է շռայլում այլ ծախսերի համար:

«Կառավարությունը որևէ առաջարկ հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները: Շատ շուտով այն, ինչ պլանավորել ենք ձեռք ենք բերելու, ձեռք կբերենք: Ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ եթե մարդիկ ինքնակամ ցանկություն ունեն աջակցելու մեր զոհվածների ընտանիքներին, մեր բանակին, դա ընդունելի է, բայց մենք որևէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն, որովհետև ունենք այդ ֆինանսական աջակցությունը»,-  շեշտեց Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե չեք կարծում, որ Արցախից ճիշտ հայտարարություն էր հնչել, թե Հայաստանում օլիգարխները պետք է հրաժարվեն իրենց հարստությունից ու գումարը փոխանցեն բանակին, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Ես խոսում եմ ՀՀ կառավարության անունից: Եթե ԼՂ կառավարության ղեկավարն այդպիսի հայտարարություն է արել, դա իր որոշումն է, իր լիազորությունն է, իր գործը: Ինչ վերաբերում է մեծահարուստներին, այո, այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պետությունը, պատկան մարմինները կհետևեն գործընթացին: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն, հարստություն, իրենց մասին բարձրաձայն խոսվում է, դա երկրի նկատմամբ դավաճանություն է: Կրկնում եմ, այդ մտահոգությունը պետք է վերաբերի մարդկանց, ովքեր ապօրինի են հարստացել, իսկ մարդիկ, ովքեր այս երկրում բիզնես են ծավալել, իրենք աշխատում են հարկերը վճարելով, շահ են ունենում, դա նորմալ եմ համարում: Նման մարդիկ, ովքեր փորձում են պառակտում մտցնել մեր երկրի խավերի մեջ, սխալ բան է»:

Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով