Մենք ասում ենք՝ բոլորով միանանք

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի գործում, Ազատություն ՌԿ-ի եթերում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Չի գործում շատ պարզ պատճառով, որովհետև բոլորը դաշինքները, որոնք մասնակցում են ընտրություններին, եթե չեն հաջողում, իրենց գործունեությունը դադարեցնում են», — ասաց Մարտիրոսյանը։

Բայց սա, նրա խոսքով, չի նշանակում, որ եթե համագործակցության ինչ-որ ձևաչափ կամ հնարավորություն լինի, իրենց գործընկերների հետ չեն համագործակցի:

Անցնելով հաջորդ հարցերին Արմեն Մարտիրոսյանը շտապեց նշել, որ  «Ժառանգությունը» որևէ մեկին միանալու խնդիր չունի, խնդիր ունեն բոլորով իրար միանալու:

«Ոչ թե Զարուհուն կմիանանք կամ Նիկոլին, կամ Ալբերտ Բաղդասարյանին, կամ որևէ այլ մեկին, այլ մենք ասում ենք՝ բոլորով միանանք։ Մենք միանում ենք այնտեղ, որտեղ արդեն հավաքվել են։ Կլինի՞ այդպիսի ձևաչափ, այդտեղ էլ կմիանանք», — նշեց Մարտիրոսյանը։

Կուսակցության վարչության նախագահի խոսքով՝ նպատակը արմատական բարեփոխումներ իրականացնել է, խնդիրները հետևյալն են. նախ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը, հաջարդը՝ ազգային համաձայնության կառավարության հաստատումը, դրանից հետո տեղի ունենան արմատական բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ։

 

Այս թեմայով