Մեղադրյալի աթոռի փոխարեն ոստիկանապետի աթոռ

Մայիսի 10-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ նշանակեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Այս նշանակումը մեծամասամբ սվիններով ընդունվեց քաղաքացիական հասարակության կողմից: Վալերի Օսիպյանը վերջին տարիներին եղել է ՀՀ ոստիկանության դեմքերից մեկը և ղեկավարել է քաղաքացիական հասարակության դեմ իրականացված բազմաթիվ ոստիկանական գործողություններ, երբ քաղաքացիական հասարակությունն այս կամ այն հարցի վերաբերյալ դուրս է եկել բողոքի:

Իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի համաձայն պետք է նշանակեր մարդու, որը  ոստիկանական համակարգում  առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանական կոչում:

Վալերի Օսիպյանի նշանակումը միանշանակ չէ, քանի որ նա, ինչպես արդեն նշեցինք, մասնակցել է խաղաղ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման գործողությունների համակարգմանը:

Վալերի Օսիպյանը պետական բարձր պաշտոնը կարողանում է նաև ծառայեցնել իր ընտանիքի անդամների շահերին: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարություն էր տեղի ունեցել։ Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր։ Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը։ Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի հայրը՝ Սմբուլ Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»։

Այս միջադեպից հետո Վալերի Օսիպյանի եղբորորդին գտնվում էր հետախուզման մեջ և միայն 9 ամիս անց ընդհատակից դուրս եկավ, երբ իրավապահ մարնինները որոշեցին ձերբակալման որոշում չկայացնել: Իսկ ահա որոշ ժամանակ անց դանակահարության այս գործը կարճվեց: Դեռ այն ժամանակ իրավապաշտպանները նշում էին, որ այս գործի կարճումը չի անցել առանց կասկածյալի պաշտոնավոր հորեղբոր միջամտության:

Ի դեպ, պետք է նկատել, որ Օսիպյանը նաև քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դեմ հարուցված գործով տուժող է ճանաչվել: Այս կապակցությամբ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, որ Վալերի Օսիպյանը սադրանքի է դիմել, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Փաշինյանի շարժմանն աջակցած քաղաքացիներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին ոստիկանական փտած համակարգն այս կերպ չի առողջանա, քանի որ Օսիպյանը հազարավոր թելերով կապված է նախկին համակարգի հետ: Շատերն էլ նկատում են, որ իշխանափոխությունից հետո Օսիպյանը պետք է մեղադրվողի կարգավիճակում լիներ և ոչ թե պետական բարձր պաշտոն ստանար:

Այս թեմայով