Մեծ-մեծ խոսելուց առաջ թող ամեն մի կուսակցություն նայի իր քաղաքական կշռին

նաիրաԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այն կարծիքին է, որ ոչ բոլոր կուսակցություններն են ի վիճակի Հայաստանի բոլոր՝ շուրջ 2000 ընտրատեղամասերում ունենալ վստահված անձ:

Այսօր ԱԺ արտահերթ նիստում նա հայտարարեց, որ այդ հարցում թերահավատ են նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագետները: Նա պատմեց, որ վերջերս ՎՀ փորձագետների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը հետաքրքրվել է, թե Հայաստանում կա՞ 3-ից ավել կուսակցություն, որ ի վիճակի է այսօր մոտ երկու հազար ընտրական տեղամասերում ապահովել հանձնաժողովի անդամ:

«Անգամ նրանք գիտեն, որ այդ քաղաքական կուսակցությունների թիվը 3-4-ից չի անցնում, ովքեր կարող են իրապես տեր լինել այդ առաջարկվող փոփոխություններին և ընտրական հանձնաժողովներում իրենց վստահված անձանցով կանգնել ու պահել ընտրողի քվեն», -ԱԺ ամբիոնից հայտարարեց Զոհրաբյանը՝ նկատելով, որ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները վերահսկողության լրացուցիչ լծակ կարող են լինել:

Պատգամավորը նկատեց, որ «ամպագորգոռ հայտարարություններ» են արվում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, մինչդեռ «մեծ-մեծ խոսելուց առաջ թող ամեն մի կուսակցություն նայի իր քաղաքական կշռին»:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով