Մեծ Բրիտանիան արտաքսել է 23 ռուս դիվանագետի և չեղարկել ՌԴ-ի հետ կնքված պայմանագրերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խորհրդարանում ելույթի ժամանակ, հայտարարել է՝  23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ, հաղորդում է The Guardian-ը:

Նա հստակեցրել է, որ դիվանագետներին մեկ շաբաթ է տրվում երկրից հեռանալու համար: Դա դիվանագետների ամենամեծ արտաքսումն է ավելի քան 30 տարվա ընթացքում:

Թերեզա Մեյի խոսքով՝ դիվանագետները ռուսական գաղտնի հետախուզության աշխատակիցներ են:

Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Նա նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

«Մենք կսառեցնենք Ռուսաստանի պետական ակտիվները, եթե ապացույց գտնենք, որ դրանք կարող են վտանգ ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կամ բնակիչների կյանքին ու սեփականությանը»,- ասել է պաշտոնյան:

Մեյը հավելել է, որ կարող են ձեռնարկվել նաև այլ քայլեր, որոնք չեն հրապարակվի:

Նա «ողբերգական» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ գործել նման կերպ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Այս թեմայով