Մարտերի օրերին Հայաստան տեղափոխված կինը երրորդ որդուն է լույս աշխարհ բերել

842445Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտերի օրերին Հայաստան տեղափոխված կինը երրորդ երեխային է լույս աշխարհ բերել: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծննդկանի անունը Քնարիկ Լևոնի Հարությունյան է, նա ծնվել է 1987 թվականին:

«Ծննդկանը երեխային ունեցել է ապրիլի 5-ին: Մոր և տղայի վիճակը լավ է: Նրա ամուսինը զինվորական է դիրքերում: Ծննդկանը Մարտակերտի Հովտաշեն գյուղի բնակիչ է»,-տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարությունից տեղեկացրին նաև, որ ծննդկանը երեխային ունեցել է Աշտարակի բժշկական կենտրոնում:

Սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության աշխատակից Դիանա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծննդկանը Հայաստան է տեղափոխվել մարտերի օրերին և Աշտարակում հեռավոր ազգականներ ունի: Նրա տեղեկացմամբ’ երեք որդի ունեցող կինը նաև օգնության կարիք ունի: Քնարիկ Հարությունյանի մյուս տղաները 6 և 3 տարեկան են:

Դիտվել է 432 անգամ
 


Այս թեմայով