Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ապտակը՝ նախարար Արծվիկ Մինասյանին

Այսօր մամուլում եղավ հրապարակում, ըստ որի  Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:

Այս հրապարակումից ժամեր անց, Արարատի մարզպետարանը պաշտոնական պատասխան տվեց. «Այսօր հրապարակված «Նախկին նախարարն ընդդեմ գործողի» հոդվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով «Խոսրովի անտառ» մեկնած մարզպետարանի աշխատակիցներն ու Արարատի մարզի համայնքների ղեկավարներն իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակներում իրենց առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել են :Նախարարը պետք է իմանա, որ մարզի բնակչությունը մարզպետի գլխավորությամբ դրսևորել է բարի կամք, մարդասիրություն և մեծ մասշտաբով մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին. մեր ամբողջ աշխատանքները համաձայնեցրել ենք ՀՀ ԱԻ նախարարի կամ Ճգնաժամային կենտրոնի ղեկավարի հետ, որպեսզի խուսափենք ավելորդ խնդիրներից և կորուստներից: Եվ քանի որ մամուլում եղան պատվերներ (հիմա արդեն պարզվեց, թե պատվիրատուն ով է), մենք անընդհատ մեր կատարած աշխատանքները և օգնությունը ներկայացրել ենք մեր պաշտոնական կայքում, որպեսզի ոմանց համար դա տեսանելի լինի»,-ասվում է մարզպետարանի պաշտոնական պատասխանում:

Մարզպետարանի պատասխանում մեղադրանք է հնչեցվում նախարարի հասցեին, որ նա չի տիրապետում նախարարությունում տիրող իրավիճակին. «Կարծում ենք, որ բնապահպանության նախարարը իր շուրջը պետք է փնտրի մեղավորներին և հարց տա ինքն իրեն` ինչից է առաջացել հրդեհը, ում անփութությունից, և միգուցե իր մեջ ուժ գտնի ու ընդունի իր մեղքերը: Եվ կարծում ենք, որ բնապահպանության նախարարը ընդամենը պիտի կարողանար շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին»:

Մարզպետարանի այս հայտարարությունը ապտակ էր նախարար Արծվիկ Մինասյանին: Արամայիս Գրիգորյանի ղեկավարած կառույցը դաշնակցական նախարարին մեղադրում է լրատվական պատվեր տալու մեջ և տեղի ունեցած աղետում մեղադրում է նախարարությանը:

 


Այս թեմայով