Մարդ, ով 2 անգամ վաճառել է Էյֆելյան աշտարակը

1Վիկտոր Լյուստիգը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի խաբեբաներից մեկը։ Նա մշտապես աչքի է ընկել խաբեության նոր եղանակներով, ունեցել 45 մականուն։ Միայն ԱՄՆ-ում Լյուստիգին ձերբակալել են 50 անգամ, բայց ամեն անգամ ազատ արձակել ապացույցների անբավարարության պատճառով։

Վիկտոր Լյուստիգը ծնվել է 1890 թվականին չեխական Խոստինե քաղաքում։ Դպրոցն ավարտելիս նա արդեն ազատ խոսում էր 5 լեզուներով՝ չեխերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն։ Դպրոցն ավարտելուն պես նա հեռացավ տնից և ճամփորդեց Եվրոպայով մեկ։

Մի քանի մանր զեղծարարություններից և ձերբակալություններից հետո Վիկտորը հաստատվեց Փարիզում՝ այն ժամանակվա Եվրոպայի խաղային կենտրոնում։ Այստեղ նա կատարելապես տիրապետեց պոկերին և բրիդջին՝ դառնալով պրոֆեսիոնալ խաղացող, ինչն ապահովեց նրա անհոգ կյանքը։

1920-ական թվականներին նա տեղափոխվեց ԱՄՆ և ընդամենը մի քանի տարվա ընթացքում հասցրեց խաբեության միջոցով տասնյակ բանկերից և անհատներից յուրացնել հարյուր հազարավոր դոլարներ։Մի անգամ, օրինակ, նա վաճառքի ներկայացրեց իբր դրամ տպող մեքենա, որի «յուրահատկությունն» այն էր, որ այն 100 դոլարանոց թղթադրամը տպում էր 6 ժամվա ընթացքում, ինչում պոտենցիալ գնորդները համոզվում էին ցուցադրության ժամանակ։ Սակայն մեծ էր լինում գնորդների հիասթափությունը, երբ 2-3 թղթադրամից հետո սարքն այլևս չէր աշխատում և չէր «տպում» նախապես տեղադրված թղթադրամները։ Լյուստիգին ընդամենը այդ 12 ժամը բավարար էր, որպեսզի ևս մի քանի սարք վաճառի և անհետանա՝ յուրաքանչյուր սարքի համար ստանալով 30.000 դոլար։

Սակայն Լյուստիգի ամենացնցող խաբեությունն աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակի կրկնակի վաճառքն է։ 1925 թվականի մայիսին նա ֆրանսիական թերթերից մեկում կարդաց, որ հայտնի աշտարակը նորոգման կամ քանդման կարիք ունի։ Նա կեղծ վկայական պատրաստեց և, ներկայանալով որպես Փոստային և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ, կառավարական բլանկով հրավեր ուղարկեց Եվրոպայի 6 ամենախոշոր մետաղագործական մագնատներին՝ առաջարկելով մասնակցել Էյֆելյան աշտարակի ճակատագրի քննարկմանը։

Լյուստիգը գործարարներին հրավիրեց թանկարժեք հյուրանոց և հայտնեց, որ կառավարությունը որոշել է քանդել աշտարակը և որպես մետաղաջարդոն վաճառել փակ աճուրդում, քանի որ նորոգման աշխատանքները շատ թանկ արժեն։ Եվ քանի որ հասարակությունը, որն արդեն հասցրել էր սիրել աշտարակը, կարող էր դեմ լինել վաճառքին, Լյուստիգը խնդրեց գործարարներին առայժմ գաղտնի պահել այդ որոշումը։

Աշտարակի ընդհանուր քաշը կազմում էր 9 հազար տոննա, միայն մետաղական կոնստրուկցիաներինը՝ 7.3 հազար տոննա, իսկ «կառավարության» առաջարկած մեկնարկային գինը նույնիսկ մետաղի ինքնարժեքից ցածր էր։ Այսպիսի «նվերի» մասին գործարարները միայն երազել կարող էին…

Կաշառք վերցնելով գործարարներից՝ Լյուստիգը մրցակցային պայմաններով վերջնականապես աշտարակի քանդման իրավունքը 50 հազար դոլարով վաճառեց միլիոնատեր Անդրե Պուասոնին։

Պայմանագրում նշված օրը Պուասոնն ապամոնտաժող բրիգադով մոտեցավ Էյֆելյան աշտարակին… սակայն կարճատև սկանդալն անմիջապես մարեց, քանի որ ոչ ոքի պետք չէր այս պատմության մասին բարձրաձայնել, այդ թվում՝ նաև տուժողին։

Լյուստիգը վերադարձավ ԱՄՆ, որտեղ և 20-ական թվականների վերջին Նյու-Յորքում և Չիկագոյում իրագործեց մի քանի խորամանկ խաբեություններ նույնպես։ Նրա «հաճախորդներից» դարձավ նույնիսկ հայտնի Ալ Կապոնեն…

30-ականների սկզբին Վիկտոր Լյուստիգը կրկին եկավ Փարիզ և կրկին… վաճառեց Էյֆելյան աշտարակը, այս անգամ՝ 75 հազար դոլլարով։ Այս անգամ նույնպես նրան հաջողվեց «ջրից չոր դուրս գալ»։

Լյուստիգի խաբեություններին վերջ դրվեց 1935 թվականին, երբ նա ձերբակալվեց ԱՄՆ-ում՝ դատապարտվելով 15 տարվա ազատագրման՝ դոլարի կեղծման համար և 5 տարի՝ բանտից փախուստի համար։ Նրան այդպես էլ չհաջողվեց դուրս գալ հայտնի Ալկատրաս բանտից, որտեղ և թոքախտից մահացավ 1947 թվականին։

 


Այս թեմայով