Մարդու անձնական դաշտ մտնել, ոչ ոք իրավունք չունի. Բորիս Մուրազի

big_e39ed4a64«Պետական քաղաքականությունը եւ այն բառամթերքը, որն օգտագործվում է իշխող վարչախմբի կողմից, տարածում է խավարամտություն, կեղծ ազգայնականություն եւ երբեմն ունի ֆաշիստական դրսեւորումներ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Խառն ամուսնությունները Հայաստանում և հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը։ Խոսքը սեւամորթ տղամարդու եւ հայ կնոջ ընտանիքի հրապարակված լուսանկարի մասին է, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք տվեց:

Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է 2012 թվականին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ունեցած հրապարակային ելույթները`դաշնակցությանը հարող երիտասարդների կողմից DIY ակումբի հրկիզման փաստի առնչությամբ: Արծվիկ Մինասյանը հայտարարել էր`ինքը համոզված է, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: « Ցանկացած առողջ երկրում նման խտրական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչը դուրս կշպրտվեր ասպարեզից»,-ասում է Զարուհի Հովհաննիսյանը`նկատելով, որ մինչ օրս Արծվիկ Մինասյանը տարբեր բարձրաստիճան պաշտոններ է վարել, այժմ էլ նախարար է:

«Սինջար» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր խոսքում նկատեց, որ այս խնդիրը եզդիական համայնքում էլ կա. արգելում է կնոջ ու տղամարդու արտահամայնքային ամուսնությունները: «Սա կրոնական խնդիր է, կրոնավորները պետք է մտածեն համապատասխան փոփոխության մասին: Մարդու անձնական դաշտ մտնել, ոչ ոք իրավունք չունի: Յուրաքանչյուրն էլ պետք է հարգի դիմացինի անձնական կյանք ունենալու խնդիրը եւ որեւէ մեկը սահմանը չպետք է անցնի ու միջամտի մարդու անձնական կյանքին»: Նա կարծում է, որ այդ ընտանիքի դեպքը հստակ ինդիկատորի դեր խաղաց, քանի որ միշտ հայտարարում ենք, թե Հայաստանում խտրականություն չկա, նման խնդիրներ չկան. «Հիմա շատ ակնհայտ դարձավ, որ կան եւ ինչ ուղղությամբ պետք է աշխատանք տանել»:

Դիտվել է 170 անգամ
 


Այս թեմայով