Home » ՄԱՄՈՒԼ » Մարդիկ վատ են ապրելու, պաշտոնյաները՝ ավելի լավ

Մարդիկ վատ են ապրելու, պաշտոնյաները՝ ավելի լավ

default (3)«168 ժամ» թերթը գրում է. «2016 թվականը դժվար տարի է լինելու: Սա էր այն հիմնական միտքը, որ երեկ հնչում էր խորհրդարանում մեկնարկած բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: Հաջորդ տարին ավելի ծանր է լինելու, քան այս՝ առանց այն էլ ոչ այնքան հեշտ 2015 թվականը, որովհետեւ… պաշտոնյաները դա հիմնավորելու տասնյակ-հարյուրավոր փաստարկներ են ներկայացնում, մեկը մյուսից հիմնավոր, մեկը մյուսից հուզական:

Բայց հասարակության համար բոլոր այդ փաստարկներն ու հիմնավորումները, ըստ էության, ոչինչ են: Հասարակությունը ցանկանում է եթե ոչ՝ լավ, ապա՝ գոնե տանելի կյանք ունենալ, որը, ինչպես «խոստանում» է հաջորդ տարվա բյուջեն, չի ունենալու: Հասարակությունը կառավարության ու բյուջեի համար պատասխանատու պաշտոնյաների ասածներին լուրջ, գուցե անգամ ըմբռնումով կվերաբերվեր միայն այն դեպքում, եթե գոնե նվազագույն չափաբաժնի վստահություն ունենար իշխանության նկատմամբ:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ոչ միայն իշխանությունը ձեւավորման ժամանակ գոնե լեգիտիմության փոքր չափաբաժին ունենար, ինչը չունի, այլ՝ որպեսզի իշխանության ներկայացուցիչները հավասարապես կրեին ծանր սոցիալական իրավիճակի ազդեցությունը: Ավելի պարզ ասած, եթե մարդիկ տեսնեն, որ պաշտոնյաների կյանքը եւս վատթարանում է, քանի որ «մենք գտնվում ենք անբարենպաստ արտաքին տնտեսական գործոնների ազդեցության տակ, եւ այլն», ապա գուցե եւ հասկանային, որ մի տարի էլ կարելի է փոքր-ինչ ավելի «սեղմված» ապրել: Բայց մարդիկ տեսնում են, որ որքան ծանրանում է երկրի տնտեսական վիճակը, այնքան ավելի ծանրանում են պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների կշիռն ու նրանց թիկնապահների պարանոցներին շողշողացող ոսկյա շղթաները:

Դրանք իրականում հասարակությանն այս իրավիճակին հասցրած ու դրանում պահող շղթաներն են՝ բառի փոխաբերական իմաստով, իհարկե: Իսկ քանի դեռ հասարակություն-իշխանություն խզումը խորանում է տնտեսական աճին ուղիղ համեմատական կարգով, հասարակությունը չի հավատալու ու չի վստահելու թեկուզ օբյեկտիվ հիմքերով համեստ բյուջե ներկայացնողներին:

Այնպես որ, բյուջեի խորհրդարանական քննարկումներն իրականում անիմաստ զբաղմունք են, եթե, իհարկե, իմաստալից չհամարենք այն, որ դրանց ընթացքում պատգամավորների մեծ մասը համապատասխան ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու լոբբինգի դիմաց հիմքեր է ստեղծում հաջորդ՝ ծանր տարին «թեթեւ» անցկացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy