Մարդիկ մահապատժի էին դատապարտել գիժ ոչխարին․ Նարեկ Մալյանի նոր գիրքը նաև արաբերեն

Politik.am-ը գրող, PR մասնագետ Նարեկ Մալյանի հետ զրուցել է իր «Զրոյական կետ» գրքի արաբերեն տպագրության և անելիքների մասին: 

-Նարե՛կ, վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած գիրքը արաբերեն լեզվով, որը բավական անսպասելի էր, ժամանակակաից հայ գրականության համար: Ինչի՞ մասին է գիրքը, և ինչո՞վ այն հետաքրքրեց արաբ ընթերցողին:

-Նախ ասեմ, որ գիրքը հայտնվեց արաբ ընթերցողի սեղանին այն բանից հետո, երբ արաբական ամենախոշոր հրատարակչություններից մեկը ձեռք բերեց գրքի բոլոր հեղինակային իրավունքները: Իրականացրեց գրքի՝ հայերենից արաբերեն թարգմանությունը: Երկրորդ գիրքը, որը կոչվում է «Զրոյական կետ», հետաքրքրություն առաջացրել էր ոչ միայն արաբական հրատարակիչների մոտ, այլև՝ բրիտանացի: Բրիտանական հրատարակիչներից մեկի հետ բանակցությունները արդեն ավարտական փուլում են, և մինչև տարվա վերջ այն կթարգմանվի նաև անգլերեն:

Շատ հետաքրքիր բան կասեմ կոնկրետ արաբերենի հետ կապված: Արաբ հրատարակիչը, ով գրքին ծանոթացել էր Ֆրանկֆուրտի միջազգային գրքի ցուցահանդեսին և ցանկություն էր հայտնել տպագրել իր երկրում, շատ ոգևորված նամակ էր գրել իմ գործակալին, որ նա այդ երկրի մասին չի լսել, դա մի նախկին սովետական երկիր է, որի ժողովուրդը լուրջ մշակութային գործունեություն է ծավալել Եգիպտոսում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում: Դա ինձ համար շատ պարտավորեցնող էր: Գրքում բարձրացվում են հարցեր, որոնք, սովորաբար, չեն բարձրաձայնվում:

Ինչ վերաբերում է արտասահմանյան հրատարակիչների հետաքրքրվածությանը, մի բան կասեմ՝ այս՝ ինտերնետի դարում աշխարհն այնքան փոքր է, որ եթե դու մի բան անում ես լավ, ապա այդ լավ արտադրանքը հնարավորություն ունես ներկայացնել աշխարհի ամենամեծ շուկաներում: Դա ինտերնետային դարի դրական կողմերից մեկն է, որից ես ամբողջությամբ օգտվեցի:  Անձամբ ես ևս չեմ հիշում, որ որևէ հայ հեղինակի գիրք հետաքրքրած լինի արաբ ընթերցողին այնքան, որ հրատարակչությունը իր ծախսով տպագրություն և գովազդ իրականացնի:

Կա առանաձնահատկություն, որ ես առաջին գրքից սկսած պահպանում եմ: Իմ կարծիքով՝ գրողը պետք է շատ ճամփորդի: Մարդը, որը փորձում է ինչ-որ բան ներկայացնել, պետք է այցելի ամենուր. ոչ միայն տեսարժան, այլև՝ ոչ տեսարժան վայրեր, ու տեսնի, թե ինչի՞ վրա է շեշտը դնում, ասենք, արաբը, ինչի՞ց է տխրում չինացին, ինչի՞ց է խղճահարություն  առաջանում ամերիկացու մոտ: Ընդհանարապես՝ ես մարդականց ազագային պատականելիությամբ բաժանելը համարել եմ սխալ, ու այստեղ ևս շեշտը կա՝ ինչու՞: Որովհետև գրողը իրավունք չունի ինչ-որ լեզվով գրել: Գրողը պետք է «մարդկերեն» գրի:

-Խոսենք Հայաստանի մասին. ճի՞շտ ենք նկատել, որ այստեղ շատ ավելի քիչ են հետաքրքրվում քո գրքով, քան արտասահմանում:

-Ես չէի ասի, թե Հայաստանում քիչ են հետաքրքրվում: Դա չափելի չէ: Հնարավոր է նաև՝ քիչ են հետաքրքրվում: Օրինակ, եթե Գերմանիայում, որի ընթերցողը ամենաքննադատական տրամադրվածն է համարվում աշխարհում, կարողանում ես  2000-ից ավելի գիրք վաճառել, նշան է, որ կհաջողվես ամբողջ աշխարհում:  Հայաստանում 500 գիրք վաճառելը շատ դժվար գործ է, և շատ-շատ հեղինակների չի հաջողվել: Ես արձագանքներ ստացել եմ շատ տեղերից: Իմ նպատակը եղել է դրսում հաջողության հասնելը: Անգամ շատ հավանական էր, որ «Զրոյական կետ» գիրքը հայերեն չտպագրվեր, ուղղակի դրսի հրատարակիչների կողմից կա պահանջ, որ գիրքը պետք է տպագրվի քո երկրում, շնորհանդես արվի:

-Նարե՛կ, քաղաքական գործընթացների մասին Ձեր վերլուծությունները շատ հետաքրքիր են, չնայած հաճախ քննադատությունների են արժանանում: Դիտարկելով Հայաստանում վերջերես տեղի ունեցած իշխանափոխությունը կամ հեղափոխությունը՝ կա գիրք գրելու նյութ, և հնարավո՞ր է՝ ինչ-որ ժամանակ անդրադառնաք :

-Իհարկե կա գրելու նյութ, և ավելին՝ ես այդ գիրքը գրել եմ արդեն: Իմ առաջին գիրքում՝ «Սոդոմի PR»-ում, ես մանրամասն նկարագրել եմ, թե ինչ է տեղի ունեցել: Վերջերս ես շատ նամակներ ու մեկնաբանություններ եմ ստանում, թե՝ «դու մի բան գիտեիր»: Գիրքն այն մասին է, թե ինչքան գումարի դիմաց է հնարավոր Հայաստանում բացել «Օվետոնի պատուհան» և ինչ-որ մեկի քմահաճույքով իրականացնել այնպիսի ռադիկալ, ոչ տրամաբանական, կործանարար գործողություններ, որոնք որևէ մեկի մտքով նույնիսկ չէին անցնի: Ես ոչ միայն նկարագրել եմ՝ ինչ կլինի, այլև՝ ինչ պետք է արվի: Ես պարզապես այդ ամենին տվել եմ գեղարվեստական տեսք, որ ավելի լայն շրջանակների ընթերցողներ կարողանան այս տեխնոլոգիան տեսնել ու սարսափել, թե ինչքան հեշտ է դա կիրառել:

-«Սոդոմի PR» գրքի կազմին ոչխարի պատկեր է, այն ինչ որ կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված  «Ոչխար պահեք» հայտարարությանը: 

-Գրքի կազմը ինքս եմ ընտրել: Կոնկրետ ոչխարներին երեք գրքում էլ անդրադարձ կա: Կա գրքի նախաբան, որն ընդհանարապես կապ չունի գրքի բովանդակության հետ. մի պատմություն է, որ իմ կյանքում իրականում եղել է: Իմ գյուղի հարևաններից մեկը ուզում էր մորթել իր ոչխարին, որովհետև այդ ոչխարն առանձնանում էր հոտից ու բոլոր խոտերը չէր ուտում: Եվ հարևանս այդ ոչխարին համարում էր «գիժ» ոչխար: Ոչխար, որն ընդհանուր հոտի տրամաբանությանը չէր ենթարկվում: Այդ ոչխարն այն մեկն էր, որին պետք էր լուրջ ուշադրություն դարձնել: Եվ այս պատճառով որոշել էին մորթել նրան։ Ես այդ  ժամանակ 11-12 տարեկան էի, և շատ էի տպավորվել: Այդ ժամանակ հասկացա, որ մարդիկ այդ ոչխարին դատապարտել են մահվան, որովհետև ինքը բոլորի պես չէր մտածում: Հասկացա, որ այն, ինչ տեսել եմ այդ տարիքում, պետք է դրոշմված լինի այս գրքի կազմում: Ու մարդիկ, գիրքը ընթերցելով, փնտրեն այդ ոչխարին:

Զրուցեց Բորիս Մուրազիին

Այս թեմայով