Մարալիկում աուդիտը շարունակվում է. ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել

Մեկ շաբաթից ավելի է՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի համայնքապետարանում Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է փաստաթղթերի ուսումնասիրությունն ու աուդիտը:

Հիշեցնենք, որ աուդիտի պահանջն արդեն 2 ամիս հանրահավաքներ, երթեր ու ցույցեր իրականացնող մարալիկցիներն էին ներկայացրել. նրանք պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Պետական վերահսկողական ծառայությունը Մարալիկ եկավ հենց նրանց ճնշման արդյունքում, քանի որ ցուցարարները 2 շաբաթ փակ էին պահում համայնքապետարանի մուտքը՝ պարալիզացնելով ոչ միայն համայնքապետարանի, այլեւ այդ նույն շենքում գործող տարբեր կառույցների աշխատանքը: Նրանք հիմա էլ են համայնքապետարանի տարածքում: Կրկին իրենց պահանջը պնդում են, սակայն չեն խոչընդոտում իրականացվող աշխատանքներին:

Համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանն այսօր ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները Մարալիկում են, աշխատում են, տարբեր փաստաթղթեր են ուսումնասիրում, սակայն այս պահին որեւէ խնդիր չի հայտնաբերվել: Իսկ հրաժարականը պահանջողները համայնքապետարանի բակում են, սակայն իր մուտքը համայնքապետարան չեն խոչընդոտում:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Շիրակի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2008 թվականից մինչեւ 2016 թվականը, Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող, ինքը չի հաշվառվել որպես աշխատող:

Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է վերջինիս աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել է:

Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ու 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր, հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատավճռով:

Այս թեմայով