Մանվել Գրիգորյանը՝ հոկտեմբերի 27-ի հավանական պատվիրատուների մասին

177562Մեծ շահեր են եղել 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրագործման հարցում, ով իմանա՝ մեծ տերությունների շահեր. համենայնդեպս, ես հաստատ կարող եմ ասել, որ Վազգենի, Դեմիրճյանի, հոկտեմբերի 27-ի բոլոր զոհերի վրա կրակողը հայ ազգի վրա է կրակել, հայոց պետականության վրա է կրակել: Այս մասին, հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցին ընդառաջ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա պատասխանեց նաեւ ազատամարտիկների եւ Զորի Բալայանի նամակի շուրջ եւս մի քանի հարցի:

Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 27-ից 14 տարի է անցել, բայց կարծես, թե հիշողությունը թարմ է:  Տարիներ անց այդ օրը ինչպե՞ս եք անցկացնում:

Առավոտյան ողջ երկրապահական ընտանիքը կայցելի Եռաբլուր: Այնուհետեւ ԵԿՄ պատվիրակությունները կլինեն Ազգային պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանին, կլինեն Նորքում՝ հարգելու Արմենակ Արմենակյանի հիշատակը: Պատվիրակություններ կայցելեն նաեւ Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի եւ Հենրիկ Աբրահամյանի շիրիմներին: Կարծում եմ` նրանք բոլորն էլ պետական մտածողություն ունեցող այրեր էին, որ կանգնած էին պետության կայացման ակունքներում: Բոլոր մարզերում, ուր կան Սպարապետի հուշարձաններ, Արցախյան ազատամարտի զոհված, անհայտ կորած հերոսների հուշարձաններ, հուշաքարեր, եղբայրական գերեզմաններ, կայցելեն երկրապահական պատվիրակությունները: Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ հիշատակների հարգման օր է: Դա մեր օրացույցի ամենասեւ օրերից է:

Համարո՞ւմ եք, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է:

Չեմ կարող այդպես համարել: Մեծ շահեր են եղել արանքում, ով իմանա՝ մեծ տերությունների շահեր: Համենայն դեպս, ես հաստատ կարող եմ ասել, որ Վազգենի, Դեմիրճյանի, հոկտեմբերի 27-ի բոլոր զոհերի վրա կրակողը հայ ազգի վրա է կրակել, հայոց պետականության վրա է կրակել: Այս ոճրագործության հեղինակները՝ կազմակերպողից, նախագծողից, համակարգողից մինչեւ իրականացնող, բոլորն էլ հայ ազգի, Հայաստան պետության թշնամիներ են: Այդ արարքի նպատակը Հայաստանն ու հային թուլացնելն է եղել: Ու այսօր մենք պարտավոր ենք ուժեղ լինել, միասնական լինել, բոլոր ասպարեզներում զորեղանալ, հզորանալ, որպեսզի թշնամին հասկանա, որ հայ ազգին կոտրել հնարավոր չէ: Հզոր անձանց սպանելով հնարավոր չէ ոչնչացնել նրանց գաղափարները, հնարավոր չէ կոտրել հայ ազգի ոգին:

Վազգենի պակասը զգացվո՞ւմ է, շա՞տ եք հիշում նրան:

Վազգենին ոնց կարելի է չհիշել: Մեր սպարապետը, Երկրապահի հիմնադիրը, հայոց բանակի հիմնադիրը հայոց պատմության ամենավառ անհատականություններից էր՝ շատ ուժեղ ու հզոր մարդ, հայրենասեր, որ եթե երկար ապրեր, հիմա հաստատ մեր պետությունն առավել հզոր պիտի լիներ: Հայ մարդը չի կարող Վազգենի պակասը չզգալ, իսկ նրան անձամբ ճանաչած, նրա հետ ճանապարհ անցած, ընկերություն արած մարդու համար, հավատացեք, ուղղակի դժվար է առանց նրա ապրելը: Ոչ միայն Վազգենի, իմ բոլոր զոհված մարտական ընկերների կարիքն էլ զգում եմ:

Ամբողջական նյութը news.am կայքում

Դիտվել է 2,902 անգամ
 


Այս թեմայով