Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մանսուրյանն ու Ամիրխանյանը կարող են տեսակցել Աշոտ Պետրոսյանի հետ

Մանսուրյանն ու Ամիրխանյանը կարող են տեսակցել Աշոտ Պետրոսյանի հետ

88727Հատուկ քննչական ծառայությունը տվել է համաձայնություն, որպեսզի կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպեն «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ, 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող եւ դեղորայքից հրաժարված Աշոտ Պետրոսյանի հետ:

«5 րոպե առաջ ինձ զանգահարեց քննչական խմբի ղեկավար պարոն Հակոբյանը եւ ասաց, որ թույլտվությունը կա: Ես հիմա գնում եմ ՀՔԾ՝ ստանալու այն: Այսօր ես կփորձեմ կապ հաստատել պարոն Ամիրխանյանի ու պարոն Մանսուրյանի հետ, եթե նրանց հարմար լինի՝ այսօր կկազմակերպենք այդ հանդիպումը»,- մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, ով ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ցանկություն էր հայտնել հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Փաստաբան Պապիկյանը մեզ հայտնել էր, որ խոսել է կոմպոզիտորների հետ: Ամիրխանյանն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Աշոտ Պետրոսյանի հետ, սակայն Երեւանում չէ, կվերադառնա օգոստոսի 8-ին՝ այսօր:

Տիգրան Մանսուրյանն էլ Պապիկյանի հետ հանդիպմանն ասել էր, որ պատրաստ է հենց այս պահին էլ հանդիպել Աշոտ Պետրոսյանի հետ, առավել եւս, եթե դրանից հետո նա պատրաստ է դադարեցնել հացադուլն ու դեղորայք ստանալ:

Պապիկյանից հետաքրքվեցինք, թե երբ է տեսակցել Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես է նա զգում իրեն:

«Մեկ ժամ առաջ եմ եղել նրա մոտ, դեռ շարունակում էր հացադուլը: Իմ կարծիքով, ֆիզիկապես մի քիչ հյուծված էր, բայց ինքն ասում էր՝ ինձ բան չի լինի սոված մնալով: Իրականում՝ հարցն ավելի շատ բուժօգնությունն է, որից հրաժարումը հրազենային վնասվածք ունեցողի համար անթույլատրելի է»:

Դիտվել է 104 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy