Մանե Թանդիլյանն իմ ընկերն է, բայց ճշմարտությունը առավել թանկ է ինձ համար

Կան քաղաքական գործիչներ, որոնք քաղաքական սապարեզ են եկել կոնկրետ իրադարձությունների, շարժման կամ քաղաքական պրոցեսի արդյունքում: Նման գործիչներից է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Բոլորս նրան հիշում ենք «Դեմ եմ» շարժումից, որը պայքարում էր պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ, որը նախաձեռնել էր 2014 թվականին ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանի կառավարությունը:

Մանե Թանդիլյանը իր ոլորտում հաջողակ մասնագետ էր ու հենց այս շարժման հետևանքով էր, որ հայտնվեց քաղաքական դաշտում: Նա 2014 թվականին ու դրանից շատ հետո էլ հայտարարում էր, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է ու չպետք է գործի Հայաստանում այս տեսքով: Այլ կերպ ասած կուտակային համակարգի դեմ պայքարը Թանդիլյան քաղաքական գործչի համար պետք է լիներ սկզբունքային և իր համար անընդունելի պետք է լիներ այս նախագծի ընդունումը, անկախ այն հանգամանքից, թե ով է կառավարության ղեկին:

Երեկ սակայն Կառավարության արտահերթ նիստի ընթացքում հավանության արժանացավ  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:

Ու այս ամենը տեղի ունեցավ այն դեպքում, երբ մեր սիրելի Մանե Թանդիլյանը այդ նույն կառավարության կազմում է և զբաղեցնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Տիկին Թանդիլյանը նույն այս պարտադիր բաղադրիչի մասով տարիներ առաջ կարծում էր, որ այն հակասահամանդրական է (Մանե Թանդիլյանի հարցազրույցը 1in.am կայքին): Այս հարցազրույցում Մանե Թանդիլյանը  վստահ է, որ պետությունը իրավունք չունի խախտել մարդու սեփականության իրավունքը և չի կարող Հայաստանում գործել հակասահմանադրական օրենք:

Ես Մանե Թանդիլյանին գիտեմ մի քանի տարի արդեն: Գիտեմ իր սզկբունքները, համենայնդեպս այն ինչ նա հրապարակային ի ցույց է դրել ու այս պահին անհասկանալի է, թե նա ինչու՞ չի խոսում այս համակարգի դեմ: Այո,  նա շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կներկայացնի առաջարկ, որպեսզի պարտադիր բաղադրիչը հետաձգվի, սակայն ինչպես տեսնում ենք Փաշինյանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել Սերժ Սարգսյանի թիմի անհաջող ծրագրերից մեկից:

Մանե Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման հեղինակավոր դեմքերից մեկն էր ու եթե իր ներկայացրած կառավարությունը ընդունում է մի նախագիծ, որի դեմ ինքը պայքարել է, ապա անհասկանալի է, թե ինչու՞ է  նա շարունակում մնալ այդ կառավարության կազմում:

Ճիշտ է, Մանե Թանդիլյանն իմ ընկերն է, բայց ճշմարտությունը առավել թանկ է ինձ համար ու եթե նա չի փորձի պայքարել պարտատադիր կուտակային համակարգի դեմ, որը իր ներկայացմամբ հակասահմանադրական է, հակամարդկային է նաև իր ներկայացրած կառավարության ժամանակ, ապա իր նախկին պայքարը կնմանվի պոպուլիզմի, իսկ ես անկեղծորեն չեմ ցանկանա, որ Մանե Թանդիլյանին պոպուլիզմի մեջ մեղադրելու պատճառ ունենանք :

Բորիս Մուրազի՝ politik.am կայքի խմբագիր

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache