Մայր Աթոռը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց

ԳԱՐԵԳԻՆ-Բ-ԱՄԵՆԱՅՆ-ՀԱՅՈՑ-ԿԱԹՈՂԻԿՈՍՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը` այդ թվում նաեւ հարձակում իրականացրած անձանցից, ստացել են մարմնական վնասվածքներ, կան պատանդներ:
Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը եւ միասնականությունը կենսական են եւ հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու եւ հայոց պետականությունն ամուր եւ ապահով պահպանելու համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ Ոստիկանության հոգեւոր խորհրդատու Գերաշնորհ Տ. ԱՌԱՔԵԼ արքեպիսկոպոս ՔԱՐԱՄՅԱՆԻՆ` մշտական կապի մեջ մնալ իրավապահների հետ, անմիջաբար հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դիտվել է 158 անգամ
 


Այս թեմայով