Home » ՄԱՄՈՒԼ » Մայրը սրբություն է, հասկացա՞ք, ես ձեր…

Մայրը սրբություն է, հասկացա՞ք, ես ձեր…

1379400_673796062638912_405523223_n«Ես մի բան գիտեմ, այսօրվա դրությամբ՝ «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է, և չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն թույլատրի նման հայհոյանքներ»։ Նման մեջբերումներ անելն անգամ հաճելի է։ Այս ոսկե խոսքերի հեղինակը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է։ Ըստ լրատվամիջոցների՝ մայրական մոտիվը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ստիպել է հիշել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորանշանակ ղեկավարը։ Որը, պարզվում է, նույն ինքը՝ ԱԽ քարտուղար, բոլորիս ծանոթ Արթուր Բաղդասարյանն է։ (Ի դեպ, այն, որ հատկապես Արթուր Բաղդասարյանը և ոչ այլ ոք պետք է ղեկավարի Վոլեյբոլի ֆեդերացիան, ունի անվիճարկելի հիմնավորում. ՌԴ-ում Վոլեյբոլի ֆեդերացիան ևս գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարը): ԲՀԿ-ից էլ ակնարկեցին, թե ՀՀ-ում չկա մի քաղաքացի, ով համարձակություն կունենա բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ։ Իսկ ո՞վ է առարկում, ավելի ստույգ, ո՞վ համարձակություն կունենա առարկել։ Այսպես ժամանակին Նապոլեոնն էր ասում. «Դեռևս չի ձուլվել այն փամփուշտը, որն ինձ կխոցի»։ Եվ, փաստորեն, ճիշտ էր… Այս կոնֆլիկտում, սակայն, մեզ համար առանցքայինը «տղամարդկային բանավեճ» բառակապակցությունն է։ Առհասարակ, տղամարդկության թեման Հայաստանում խոր արմատներ ունի։ Հենց երեկ մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, նկատեց, որ ինքը երբևէ կնոջ վրա ձեռք չի բարձրացնի։ Պարոն Սեդրակյանը, ինչպես ցանկացած պատվախնդիր տղամարդ, վստահ է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը կնոջը վայել չէր, սակայն իր կողմից ֆիզիկական հաշվեհարդար նրա հանդեպ՝ անհավատալի է։ Կայքերից մեկին նա երեկ ուղղակի ասել էր. «Այդ մասին ամոթ ա հարց տալը կամ խոսալը։ (…) Ենթադրենք, ասել եմ՝ չէր սազում, որ աներ ըտենց բան։ Դա ուրիշ խնդիր ա։ Բայց ինչ-որ պատժել կամ ծեծել… Ես տղամարդ տղա եմ՝ կնոջ հետ կապված (հարցերում.– Լ. Ա.)»: Վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանը ոչ այնքան հեռու անցյալում շատերի ներկայությամբ հարվածեց գործարար մի կնոջ։ Եվ հատկապես տղամարդիկ սկսեցին բարձրաձայն քննադատել նրան։ Իբրև թե՝ իսկական տղամարդուն վայել չէ կնոջ վրա ձեռք բարձրացնել։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy