Մահափորձ էին կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ

1384330606,1828Politik.am-ը այսուհետ ներկայացնելու է կարևորագույն դեպքեր, որոնք արձանագրվել են մեր նորանկախ պետության պատմության ընթացքում: Դրանք վերաբերվում են կարևոր դեպքերի և դեմքերի: Թեմաներ, որոնց արդիականությունը այսօր էլ չի կորղել:

Ասել, որ հանրությունը չէր սպասում ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի լուրին, սխալ կլինի: Վերջին տարիներին Հայաստանում ձեւավորված «ավանդույթի» համաձայն՝ հանրապետության առանցքային քաղաքական գործիչ լինելը համարվում է խիստ ռիսկային, ու Սերժ Սարգսյանն իր ունեցած ազդեցությամբ, դիրքով չէր կարող բացառություն լինել:

Իհարկե, պետք է միայն գոհ լինել, որ գոնե այս մի մահափորձը բացահայտվել է կազմակերպման փուլում, այն իմաստով, որ հանրությունն արձանագրում է, որ ցանկության դեպքում իրավապահները կարողանում են կանխել մահափորձերը: Վախենանք, սակայն, որ այս դեպքը նման եզրահանգում անելու հնարավորություն չտա: Այսպիսով, Սերժ Սարգսյանի դեմ պայթուցիկի գործադրմամբ մահափորձ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է ԱԱ մարմինների նախկին աշխատակից, պաշտոնաթող փոխգնդապետ Լեւոն Աբրահամյանը:

Այս անունը հայտնի է ընթերցողներին: 1999 թվականին Աբրահամյանը մեղադրվում էր Իրանի քաղաքացի Վարուժան Անդրեասյանին առեւանգելու եւ նրանից փրկագին պահանջելու մեջ: Դատարանը նրան եւ ԱԱ մարմինների մեկ այլ նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանին այս գործով մեղավոր էր ճանաչել: Աբրահամյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, ու մի քանի ամիս առաջ ազատ է արձակվել կալանավայրից: Լեւոն Աբրահամյանը ծնվել է 1955 թվականին՝ Կիրովաբադում, ՀՀ քաղաքացի է: Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարած ՆԳ եւ ԱԱ նախարարությունում աշխատել է որպես երկրորդ գլխավոր վարչության (հակահետախուզություն) առաջին բաժնի պետի տեղակալ:

Վարուժան Անդրեասյանի առեւանգման գործը ժամանակին մեծ աղմուկ առաջացրեց նաեւ այն պատճառով, որ որպես վկա դատարան էին կանչվել ԱԱՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ փոխնախարար Գոռ Հակոբյանը: Ամբաստանյալները դատարանում հայտարարել էին, թե Վարուժան Անդրեասյանին առեւանգել են ղեկավարության հրահանգով. իբր՝ Գոռ Հակոբյանն ասել է, որ Անդրեասյանը Իրանի հետախուզության գործակալ է՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով:

Այս ցուցմունքը հնչել է նաեւ դատարանում՝ Գոռ Հակոբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, սակայն դատարանի կողմից ոչ հավաստի է դիտարկվել, իսկ Գոռ Հակոբյանը ամբաստանյալներին ամոթանք է տվել նման ցուցմունք տալու համար: Ինչեւէ, դեռ այն ժամանակ կարծիք կար, որ Լեւոն Աբրահամյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Կարո՞ղ էր, արդյոք, սա մահափորձի պատճառ դառնալ, թե ոչ՝ ցույց կտա գործի նախաքննությունը:

Իսկ մինչ այդ իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ գործը հիմնավորված է: Ըստ մեր տեղեկությունների, այս գործի շրջանակներում ձերբակալված է չորս անձ, չնայած ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատում են միայն Աբրահամյանի ձերբակալության մասին լուրը: Ինչեւէ, մեր տեղեկություններով մահափորձը նախապատրաստելիս է եղել չորս հոգանոց մի խումբ: Մի ինչ-որ պահի խմբի անդամներից մեկի նյարդերը տեղի են տվել, եւ նա պատրաստվող մահափորձի մասին տեղյակ է պահել իրավապահներին:

Իրավապահները նրան հանձնարարել են շարունակել ակտիվ մասնակցել մահափորձի նախապատրաստական աշխատանքներին, եւ այդ ընթացքում կատարել են գաղտնալսումներ, օպերատիվ նկարահանումներ եւ սեպտեմբերի 15-ին իրականացրել հայտնի ձերբակալությունը: Թե ինչու է ձերբակալությունը տեղի ունեցել հենց այդ օրը, դժվար է ասել: Չի կարելի բացառել, որ մահափորձը պլանավորված է եղել իրականացնել այս օրերին:

Մենք տեղեկություններ ստացանք, որ խումբը պլանավորած է եղել մեծ քանակի պայթուցիկ տեղադրել Սերժ Սարգսյանի ամենօրյա երթուղու վրա գտնվող հորերից (լյուկ) մեկում եւ պայթեցնել Պնախարարի մեքենան: Սա, կրկնում ենք, իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրի վարկածն է, որը դեռ ճշգրտման կարիք ունի: Ու եթե անգամ ճշմարիտ է այս վարկածը, դեռ պետք է պարզվի՝ արդյո՞ք վերը նշված խումբն ինքնուրույն է գործել, թե՞ կան, ասենք, պատվիրատուներ: Իսկ այս պահին նշենք միայն, որ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ դեռեւս խափանման միջոց ընտրված չէ:

Սա նշանակում է, որ նրան մեղադրանք էլ չի առաջադրվել: Գործով նախաքննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազությունը, իսկ օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է ԱԱԾ-ն: Նշենք նաեւ, որ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-305 հոդվածի հատկանիշներով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստություն) հարուցված քրգործի շրջանակներում: Վերը նշված հոդվածը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 18-ի համարում

Դիտվել է 1,763 անգամ
 


Այս թեմայով