Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

timthumbԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, 87 տարեկան հասակում մահացել է սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհին վատառողջ էր։

Ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Դերասան, թատերագետ Գեւորգ Աբաջյանի կինն է։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա եւ նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի եւ այլն։ Խաղացել է նաեւ արեւմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ եւ այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Դիտվել է 106 անգամ
 


Այս թեմայով