«Մահապարտ» տերմինը անընդունելի է ներքաղաքական կյանքում. Փաշինյան

նիկոլ փաշինյանՖեյսբուքյան օգտատեր Սամո Սամյանը Նիկոլ Փաշինյանին է հղել հետեւյալ հարցը — Նիկոլ ջան 8-9 տարի առաջ տեղի ունեցան ընտրություներ , որի արդյունքում պարտվեցինք: Ամբողջ գիշեր Դուք փորձել էիք կռահել, թէ ինչպես կարող է նման արդյունք, երբ ժողովրդի ուղիղ պահանջն այլ է և առավոտյան կռահել էիք. կեղծելու միակ մեխանիզմը նոր անձնագրերի շրջանառությունն էր: Հարցս կայանում է նրանում, թէ ինչու՞ եք կարծում, երբ Դուք առաջընթաց եք ապրում իշխանությանը գաղտնազերծելու հարցում, իսկ նրանց մոտ չգիտես ինչու էվոլուցիա տեղի չի ունենում:  Հարցս հիմնավորեմ օրինակներով. «ինստիտուցիոնալ ընդիմություն». երբ սկսենք չթաքնվել բառերի ետևում, կտեսնենք, որ ողջ ինստիտուցիոնալ ընդիմության ստեղծման գաղափարը, դա ուղղակի 6000 հոգի մահապարտների ստեղծումն է:

Նիկոլ ջան, հենց հիմա Հայաստանում գտնվում են ազգային հերոսներ, մահապարտներ, մարդիկ, որոնք իմ նման վախկոտ մարդկանց Հայ կոչվելու իրավունք են տվել, բայց դուք նրանց հետ միասին չեք, ասեմ ավելին, իրենք էլ իրար հետ միասին չեն, ասեմ գեր-ավելին, նրանց մեջ գտնվեցին սեյրաներ, շմայսներ, սարոյաններ, որոնց ով լինելը, ժամանակը նախապատրաստել է ոչ այնքան հաճելի գնահատական, և այս ամենը հաշվի առնելով, չգիտես որտեղից, Ձեր մոտ այնպիսի հավատ կա, որ Դուք կարող եք երկու տարի հետո գտնեք մահապարտներ և վերադարձնեք իշխանությունը ժողովրդին: Ուզում Ձեզ տալ հարց, այն հարցը, որը Դուք տալիս եք այս օրվա ընդիմությանը: Ցիտում եմ. «Իսկ ինչ տեղի կունենա, երբ սահմանադրության նոր նախագիծը չանցնի,ի՞նչ է Սերժիկ Սարգսյանը չի՞ կարող վերընտրվել»: Պարոն Փաշինյան, ի՞սկ եթե Դուք պարտվեք 2017 թվին Դուք պատկերացնու՞մ եք Ձեր պատասխանատվության մասին, որի մասին Դուք շատ եք շեշտում, Նիկոլ ջան՝ մարտավարությանդ ընդիմություն ներկայացնելով հանդերց, իմ նեգատիվ գնահատականով, այնուամենայնիվ շատ եմ խնդրում, որ ճիշտ հաշվարկեք:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը – Հարգելի բարեկամ. ժամանակն է արձանագրել, որ ցանկացած ընտրակեղծիքի հաջողության առաջին նախապայմանը ընտրատեղամասերի թույլ, կամ զրոյական վերահսկողությունն է: Հենց թեկուզ անձնագրերի հետ կապված պատմությունը. եթե որեւէ մեկը տեղամաս է գալիս ուրիշին պատկանող կեղծ անձնագրով, նշանակում է նա չի կարող անգիր տիրապետել իրեն տրված անձնագրի տվյալներին: Եթե տեղամասում կա իր անելիքին տիրապետող վստահված անձ, նա ընտրողաբար կարող է ընտրոներին հարցնել հայրանունը, կամ ծննդյան օրը, կամ բնակության հասցեն: Ու եթե որեւէ մեկը չի կարողանում այդ պարզ հարցերին պատասխանել, դա արդեն շատ կոնկրետ փաստ է, սա արդեն կարող է վկայել անձնագրի կեղծ լինելու մասին:

Մեկ-երկու այսպիսի բացահայտված փաստ, վիդեո կամ ֆոտո եւ քվեարկության օրով համացանցում անասելի աղմուկ կբարձրանա, եւ այդ աղմուկի արդյունքում եթե այդ մեխանիզմի աշխատանքը չկանգնի՝ առնվազն կդժվարանա: Իսկ վստահված անձանց կողմից երկրորդ, երրորդ, չորրորդ նույնանման բացահայտումից հետո պրոցեսը կխափանվի միանշանակ, իսկ բացահայտված փաստերը լրջագույն կռվան կդառնան հետագա պայքարի համար:

Բացի դա. կեղծ անձնագրերը կարող են օգտագործվել հանրապետությունից բացակայող ընտրողների փոխարեն քվեարկելու համար: Այսինքն՝ ինչ-որ անձինք   քվեարկում են նրանց փոխարեն, ովքեր երկար ժամանակ Հայաստանում չեն, արտագաղթել են, բայց պահպանել են Հայաստանի քաղաքացիությունը եւ նրանց անունն ընդգրված է ընտրացուցակներում:

Հիմա՝ մենք սփյուռքի հայ համայնքների հետ շփումների ընթացքում այսպիսի մարդկանց առաջ հարց ենք դնում: Ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, ձեզնից ովքե՞ր են, որ առաջիկա երկու տարվա ընթացքում պլանավորում են այցելել Հայաստան՝ հարազատներին, ընկերներին, ծննդավայրը տեսնելու կամ ուղղակի հանգստանալու: Ասեմ, որ այդպիսի մարդկանց թիվը բավականին մեծ է: Եւ ահա, մենք այդ մարդկանց դիմում ենք կոչ-խնդրանով, որ առաջիկա իրենց այցը պլանավորեն այնպես, որ Հայաստան գան 2017 թվականի մայիսին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ իրենց 15-օրյա այցից կես ժամ տրամադրեն, գնան ընտրական տեղամաս եւ քվեարկեն՝ կեղծարարներին հնարավորություն չտալով օգտագործել իրենց անունը:

Ընդդիմության տվյալներով ընտրացուցակներում առկա մի քանի հարյուր հազար մարդ բացակա է Հայաստանից: Հիմա, հարց կծագի. հո այդ հարյուր հազարները վեր չե՞ն կենա ընտրությունների օրը Հայաստան գան՝ քվեարկությանը մասնակցելու: Իհարկե, բոլորը չեն գա: Բայց եթե, ասենք, 10 հազար այդպիսի մարդ գա Հայաստան, դա իսկական շփոթ կառաջացնի ընտրակեղծարարների համար, որովհետեւ բացակա անձանց ցուցակը նրանք կազմում են մեկ-մեկուկես տարվա ընթացքում. դա ծավալուն աշխատանք է, պետք է եւ ստուգվի ու վերստուգվի: Եւ ուրեմն, քվեարկության օրը կեղծարարները չեն կարող իմանալ, թե իրենց ցուցակում առկա «բացականերից» այդ ո՞ր 10 հազարն է եկել Հայաստան քվեարկելու: Սա իսկական շփոթ կառաջացնի նրանց համար, որովհետեւ նրանք չեն իմանա ում անունն օգտագործել՝ չբացահայտվելու համար: Իսկ եթե որեւէ մեկի փոխարեն քվեարկեն ու նա հայտնվի տեղամասու՞մ: Եթե արտերկրից ժամանած մեկ, երկու, տասը հոգի ընտրական տեղամաս գնալով տեսնեն, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են՝ դա ավելի մեծ աղմուկ կառաջացնի սոցիալական ցանցերում, եւ այսպիսով էլ ավելի կդժվարացննի ընտրակեղծարարների գործը, իսկ տասնյակից ավելի բացահայտումների դեպքում կվիժեցնի այդ պրոցեսը եւ բացի դա՝ եւս մեկ ուժեղ կռվան կդառնա հետագա պայքարի համար:

Հարգելի բարեկամ, սա ձեր ծավալուն հարցի առաջին մասի պատասխանն է: Ինչ վերաբերվում է երկրորդ մասին, միանգամից ասեմ, որ ներքաղաքական կյանքում, ներքաղաքական պայքարում ինձ համար կտրականապես անընդունելի է «մահապարտ» հասկացությունը: Մենք Երեւանը ռազմաճակատի չենք վերածում, որ նման տերմիններ օգտագործենք: Բայց սա չի նշանակում, թե չենք հասկանում առաջիկա պայքարի լրջությունը, բայց առավելեւս այս պարագայում բոլորիս կոչ եմ անում ռազմաճակատային տերմինոլոգիայից հրաժարվել: Նաեւ շեշտում եմ, որ դա չի նշանակում հրաժարվել սկզբունքային կամ կոշտ պայքարից: Բայց այդ պայքարի հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ֆիզիկական ուժը, այլ փաստարկների, քաղաքական մեթոդների, լեգիտիմության եւ լեգիտիմության միակ աղբյուր ժողովրդի ընտրության ուժը: Մենք մերժել ենք եւ շարունակելու ենք մերժել բռնությունը, եւ սա ինձ համար միանշանակ է:

Ինչ վերաբերվում է ազատամարտիկներին. ուզում եմ հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է նաեւ Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, բայց այս պարագայում Սասուն Միքայելյանին դիտարկում եւ գնահատում եմ առաջին հերթին որպես քաղաքական գործիչ: Եթե Հայաստանը լայնածավալ հարձակումից պաշտպանելու անհրաժեշտություն առաջանա, այդ դեպքում ազատամարտիկը կլինի ազատամարտիկ, իսկ ներքաղաքական պայքարում ինձ համար չկա ազատամարտիկ. ներքաղաքական պայքարում կա քաղաքական գործիչ, քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստ: Ազատամարտիկը պատերազմում է ազատամարտիկ: Հայաստանը մեզ համար չի եղել ու չի լինելու պատերազմներ վարելու տեղ:

2017 թվականի ընտրություններում պարտվելու հնարավորության մասին. որեւէ մեկը չի կարող պնդել, որ ինքն ընտրություններում հաստատ հաղթելու է, որովհետեւ այդ մասին որոշումն իրավասու է կայացնել միայն ժողովուրդը: Այնպես որ, ցանկացած ուժի պարտությունը ընտրություններում հնարավոր է: Բայց մեկ բան է, որ ժողովուրդը քեզ ձայն չի տվել եւ դու պարտվել ես, բոլորովին ուրիշ բան, երբ ժողովուրդը քեզ ձայն տվել է, բայց դու չես կարողացել այդ ձայները պահել: Այս է պատճառը, որ մեր քաղաքական գործունեության առանցքային շեշտը դնում ենք 6000 վստահված անձ ունենալու անհրաժեշտության վրա: Երբ դու ողջ հանրապետությունում վստահված անձանց համակարգված թիմ չունես, քեզ տրված ձայները պահելու շանսերը զրոյական են: Իսկ երբ ունես վստահված անձանց համակարգված թիմ՝ հաղթելու գործնական շանս ես ստանում:

Իսկ եթե պարզվում է՝ ժողովուրդը ձայն չի տվել քեզ, դու պիտի ճանաչես քո պարտությունը եւ փորձես հասկանալ, թե ի՞նչն ես սխալ արել, որ չես կարողացել հավատ ներշնչել ընտրողներին:

Հարգելի Սամո Սամյան, շնորհակալություն հարցի համար եւ լավագույն մաղթանքներս:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով