ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը դատապարտում Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, փոխանցում է РИА Новости-ն:

Փաստաթղթին հավանություն է տվել 120 պետություն, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան և Թուրքիան, դեմ է հանդես եկել 8 պետություն, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Նաուրուն, Տոգոն, Միկրոնեզիան և Սողոմոնյան կղզիները, ևս 45 երկիր ձեռնպահ է մնացել, նրանց թվում են՝ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը: Արաբական պետությունների կողմից պատրաստված բանաձևի նախագիծը «ափսոսանք է հայտնում պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմը եւ Գազայի հատվածը, Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի կողմից ուժի չափազանց, անհամաչափ ու համատարած կիրառման համար»:

Փաստաթուղթը Իսրայելից պահանջում է «ձեռնպահ մնալ նման գործողություններից և կատարել օրինական պարտավորությունները»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաև կոչ է անում «օպերատիվ գործողություններ ձեռնարկել անհապաղ, կայուն և լիովին իրագործվող հրադադարի ապահովման համար», նաև «կոչ է անում քննարկել պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Գազայի հատվածը, Պաղեստինի քաղաքացիական բնակչության անվտանգության ու պաշտպանության ապահովման միջոցառումներ»:

Այս թեմայով