ՃՈ-ի նոր պետը «ջարդ» է կազմակերպել. Նոր զարգացումներ են սպասվում

36Ինչո՞ւ Հարությունյանը մոտ կես տարի պաշտոնավարելուց հետո ազատման դիմում գրեց:

Politik.am: ԿԱՐԾԻՔ: Երկու օր առաջ՝ հուլիսի 6-ին, ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ձերբակալվել են  ոստիկանության երեք ծառայողներ:

«Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև, որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը»:

Ձերբակալման հիմք է հանդիսացել`

Օրենքով սահմանված կարգը խախտելու, քննություններին ձևական մասնակցությամբ վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու դիմաց` միջնորդ Արթուր Մատինյանը քաղաքացի Աից պահանջել և ստացել է 120 000 ՀՀ դրամ կաշառք, որից 90 000 ՀՀ դրամը փոխանցել է Ս.Հարությունյանին: Վերջինս նշված գործընթացն իրականացրել է քննություններն ընդունող Ա.Հարությունյանի և Հ.Գալոյանի անմիջական մասնակցությամբ: 

Այս քրեական գործը կհամարվեր հերթականը, եթե մի քանի օր առաջ ՃՈ-ում ուշագրավ նշանակում չլիներ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Հայաստանի ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Հակոբյանը:

Բանն այն է, որ ՃՈ արդեն իսկ նախկին պետը ՀՀ Ճանպարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը պաշտոնանկ էր արվել՝ չպարզված հանգամանքներում: Հարցերի հարց է մնացել, թե ինչո՞ւ Հարությունյանը մոտ կես տարի պաշտոնավարելուց հետո ազատման դիմում գրեց: Այս հարցին չի տրվել ոչ մի պաշտոնական պարզաբանում: Ու այս ֆոնին ՃՈ-ի պետ է նշանակվում ներքին անվտանգության վարչության պետը, ով, բնականաբար, պետք է տիրապետի ոստիկանության բոլոր ներքին տեղեկատվությանն ու խնդիրներին: Չի բացառվում, որ  ՃՈ-ի նոր պետը մասնկացություն ունենա նախկին պետի ազատման դիմումը գրելու գործին: Քանի որ, ինչպես արդեն նշեցին, ոստիկանական համակարգում առկա բոլոր խնդիրներին նախ առաջինը, սովորաբար, տիրապետում են  Ներքին անվտանգության վարչության ղեկավարները:

Այս պաշտոնանկությունից հետո էլ կալանավորվում են ոստիկանության միանգամից երեք աշխատակիցներ վարորդական վկայականի ստացման քնությունները ձևական կազմակերպելու կասկածանքով: Եթե ՃՈ պետ Արմեն Հակոբյանն իսկապես վճռական է տրամադրված, ապա առաջիկայում կադրային ջարդն անխուսափելի կլինի:

Չցանկանալով խանգարել իրավապահ համակարգի բարեփոխումներին՝ չենք կարող չնշել, որ վերջին իրադարձություններն իսկապես բարեփոխման հիմք կհանդիսանան այն ժամանակ, երբ քաղաքացին, բացի օրինական կարգով վարորդ դառնալուց նաև  ճանապարհային ոստիկան դառնալու իր երազանքը չտորպեդահարի՝ այդ պաշտոնում նշանակվելու անհնարինությամբ: Պատահական չի, որ քաղաքացիների շրջանում միշտ եղել և մնում է այն կուռ կարծիքը, որ ճանապարհային ոստիկան դառնալու համար բացի կրթությունից կլորիկ գումար էլ է պետք: Համոզված ենք, որ միայն այս կարծիքը փոխելով է  հնարավոր փոփոխություն իրականացնել ՃՈ-ի փիլիսոփայության մեջ:

Դիտվել է 1,503 անգամ
 


Այս թեմայով