Ճիշտ է, տնտեսության վիճակն այն ժամանակ գնահատել եմ ծանր, հիմա կառավարելի. Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նկատեց, թե երբ նշանակվեց վարչապետ, Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է և հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այժմ:  

Բացի այդ, նա նշեց, որ երկիրը ծանր վիճակում է քանի որ եղած ռեսուրսները քիչ են, և միակ ճանապարհը տնտեսության ապամոնոպոլիզացումն է:

Կարեն Կարապետյանը դժգոհեց, որ այս հարցին բազմիցս պատասխանել է: «Ճիշտ է, գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի»,- ասաց նա և նշեց, որ տնտեսական աճի այլ հաշվետվության ձև չունի, ինչ կա:

Ըստ նրա, այս տարվա 10 ամիսների ցուցանիշներով 7,1% տնտեսական աճ կա, նաև  արտահանման աճ և տարվա վերջին շատ ավելի մեծ աճ կլինի:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա վարչապետը նշեց, որ երկու տեսակ է մոնոպոլիան, մեկը բնական, որը սակագներով է կարգավորվում, իսկ դասական իմաստով, ըստ նրա, որպես այդպիսին մենաշնորհ չկա, ուղղակի կան շուկաներ, որտեղ գերիշխող խաղացողներ կան:
Վարչապետն առաջարկեց, թե բոլոր այն շուկաներում, որտեղ գերիշխող խաղացող կա, կարող է պատգամավորը դիմել Պետեկամուտների կոմիտե և տեսնել, թե ինչպես են մեկ տարում այդ խաղացողներն ու ծավալները փոխվում:

Միաժամանակ Կարեն Կարապետյանը նշեց, թե գերիշխողը մեկնարկային ավելի լավ պայամններ ունի, չնայած կարող են հետևել դինամիկային և փոփոխությունը կտեսնեն:

Վարչապետը նշեց, որ եթե պատգամավորը գիտի մեկ դեպք, որ ինչ–որ ընկերություն ցանկանում է շուկա մտնել, բայց արգելքների է հանդիպում, ապա թող տեղյակ պահի իրեն: «Որևիցէ սահմանափակում չկա, չենք ասում սա կարող եք բերել, սա՝ ոչ: Բայց այսպես, թե այնպես օբյեկտիվորեն միասին պետք է հասկանանք, որ գերիշխող լինելու է՝ շուկայի ծավալից ելնելով, եթե երեքն են, մեկն ամենախոշորն է լինում: Խնդիրն այն է, թե մրցակցային ռեսուրո՞վ է գերիշխող, թե՞ այլ կերպ: Հիմա մենք մրցակցային պայմաններ ապահովել ենք, հակառակ մեխանիզմ էլ ունենք, որ գերիշխողը որոշակի քայլեր է անում, համապատասխան մարմինն արձագանքում է»,-ասաց նա:

 


Այս թեմայով