Ճապոնիան բողոքում է Ռուսաստանի դեմ

5600D153-2BDF-4914-8E2A-8AFAFFD82A09_w640_r1_sՃապոնիային լուրջ անհանգստացրել է Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում ռազմակայան ստեղծելու մասին հայտարարությունը: Ճապոնիայի կառավարության անդամներն արդեն իսկ զգուշավոր բողոք են հայտնել այդ կապակցությամբ.

«Մենք դեռ չենք պարզել այդ հայտարարության համատեքստը, սակայն, եթե նման ծրագիր իրոք գոյություն ունի, Ճապոնիայի կառավարությունը դրա դեմ խիստ բողոքելու է, քանի որ մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ կղզիները Ճապոնիային են պատկանում», — հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Կուրիլյան կղզիներում ռազմակայանի կառուցման մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ապագայում Ռուսաստանը նախատեսում է ռազմակայաններ կառուցել նաեւ Վռանգելի կղզում եւ ռուս-ամերիկյան սահմանի մոտ գտնվող մի քանի այլ տարածքներում, քայլ, որը վերլուծաբանների խոսքով, լուրջ բեռ կարող է դառնալ Ռուսաստանի բյուջեի համար:

Հատկանշական է, որ Կուրիլյան կղզիների խնդրի չլուծված լինելու պատճառով Ռուսաստանը եւ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էլ խաղաղության պայմանագիր չեն կնքել: Մասնագետների կարծիքով սակայն, կղզիների շուրջ ձկան, ինչպես նաեւ գազի եւ նավթի հարուստ պաշարներն անհավանական են դարձնում դրանց վերադարձը Ճապոնիային:

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով