«Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն էլ ավելի է մեծացել». Ֆելգենգաուեր

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում:

Տեղեկացնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին, և հնարավոր է՝ ադրբեջանցիներն ունեն կորուստ: Ուշագրավ է, որ սա տեղի է ունեցել Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հանդիպումից հետո: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Դավիթ Տոնոյանն իր ռուս գործընկերոջն էր ներկայացրել արցախաադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։
Իսկ օրերս Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։ «Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- նշել էր Փաշինյանը։

Խոսելով տեսակետներից, թե ռուսական կողմի համաձայնությամբ է Հայաստանը պատժիչ գործողություն իրականացրել ադրբեջանական ուղղությամբ` Ֆելգենգաուերն ասաց, որ դա թյուր կարծիք է: Նա նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգն է՛լ ավելի է մեծացել մի շարք գործոնների հետևանքով, հնարավոր պատերազմի հետևանքները և սփռումը բավական մեծ է լինելու, ուստի հայկական կողմն իր գործողությունն է իրականացրել և մարտավարություն փոխել, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարն էր նշել վերջերս:

«Չեմ կարող ասել, թե որքանով արդյունավետ կլինի այդ դիրքորոշումը, քանի որ ուժերը համարյա թե հավասար են, որոշ փոքր առավելություններով ռազմական առանձին ոլորտներում»,- ասաց նա: Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ նրա, պատերազմի վերսկսման հարցում հստակ է` հակամարտության լուծման ռազմական եղանակ չկա: Ռազմական վերլուծաբանի խոսքով՝ տարբեր եղանակներով է Ռուսաստանն անդրադառնում այս խնդրին սովորաբար, այդ թվում՝ հայտարարություններ Լավրովի և Զախարովայի կողմից հաճախակի ռեժիմով:

«Սրան զուգահեռ՝ ներկայումս կա որոշակի դժվարություն Հայաստանի իշխանությունների հետ, Ռուսաստանը դեռ փորձում է հասկանալ, թե որ ուղղությամբ են շարժվում ՀՀ իշխանությունները: Օրերս իմ այլ անդրադարձերից մեկում ևս պնդեցի, որ ՆԱՏՕ-ի տեղաշարժը դեպի այս տարածաշրջան լուրջ խնդիր է ՌԴ իշխանությունների համար, քանի որ Ռուսաստանն այստեղ ունի ազդեցություն, և այս տարածաշրջանի շարժը դեպի ՆԱՏՕ չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար: Այդ առիթով մի քանի օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արտահայտվեց՝ նշելով, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, սա կարող է մեծ կոնֆլիկտ առաջացնել՝ է՛լ ավելի սրելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները:

Բնականաբար, ակնարկ կար նաև Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, գործընկերն է ՀԱՊԿ-ում, և Հայաստանի ցանկացած քայլ ավելի լուրջ է ընկալվում: Սակայն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ռուսաստանը հստակ է` պատերազմ չի կարելի թույլ տալ, Ռուսաստանին անհրաժեշտ է ազդեցության պահպանում: Հայաստանի զինված ուժերն անհրաժեշտության դեպքում իրենց գործողությունն իրականացնում են:

Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ կողմ իր քայլերը չէր համաձայնեցրել Ռուսաստանի հետ, այնպես որ՝ կարծիքները շատ կարող են լինել, չեմ բացառում` որոշ դեպքերում համընկնեն, բայց ընդհանուր առմամբ սա կողմերի ստեղծած դինամիկան է, կողմերն են իրականացնում իրենց քայլերը, որի պատճառով մեծ է պատերազմի վերսկսման վտանգը: Մեծ զինտեխնիկա կա կուտակված շփման գծում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա նշեց, որ միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից:

«Եթե կողմերը ցանկանան բանակցել, նրանք չեն սրի իրավիճակը շփման գծում, չեն անի նման հայտարարություններ: Սա միանշանակ է: Կողմերին ձեռնտու չէ նաև պատերազմը»,- նկատեց Ֆելգենգաուերը:

Այս թեմայով