Home » ՄԱՄՈՒԼ » «Ղարաբաղը մերն է»

«Ղարաբաղը մերն է»

g_image (3)Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերը ողողված են գրող, հրապարակախոս Զորի Բալայանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած հայտնի նամակով:

Նամակի ամենահանգուցային կետն այն հատվածն էր, որտեղ նախկին նավապետ Բալայանը դիմում է Պուտինին՝ կոչ անելով այցելել Ղարաբաղ ու ըստ էության, նաեւ այն ճանաչել Ռուսաստանի մի մասը՝ համաձայն 1813 թ.-ի Գյուլիստանի պայմանագրի:Երեկ մենք Երեւանի փողոցներում փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիներն ընդունել Զորի Բալայանի այս նամակը: Քաղաքացիների մեծ մասը նամակի վերաբերյալ բացասական կարծիք ուներ (հարցված 10 քաղաքացիներից 8-ը դատափետեցին այն, եւ միայն 2-ը համամիտ էին նամակի բովանդակության հետ):

50-ամյա տնային տնտեսուհի Անահիտը մեզ հետ զրույցում ասաց. «Ո՛չ, շատ սխալ բան է գրել, Ղարաբաղը կա՛մ անկախ պետք է լինի, կամ՝ Հայաստանի կազմում: Չեմ պատկերացնում, թե ո՞նց պիտի դա համարվի Ռուսաստանի տարածք, հենց այնպես վերցնենք ու տա՞նք, դա Զորի Բալայանը չի որոշում, քանի՞ գլխանի դեւ է, որ տենց բաներ է ասում: Բայց ինձ թվում է, որ սա պատահական, սովորական հայտարարություն չի: Հնարավոր է, որ լուրջ բան կա ու իրենք ուղղակի հող են նախապատրաստում սենց ձեւերով, որպեսզի Արցախը միանա ՌԴ-ին»:

27-ամյա Հակոբը եւս բացասական կարծիք ուներ նամակի վերաբերյալ. «Շատ վատ եմ վերաբերում, Ղարաբաղը մերն է: Չէի սպասում, որ ինքը նման բան կգրի, երեւի արդեն տարիքն առել է, ուզում է իրա վրա էլ ուշադրություն դարձնեն: Ինքը մի ժամանակ տենց ակտիվ էր, լավ գործունեություն էր վարում, իսկ էսօրվա օրով ռուսի առաջ խոնարհվում, ծնկի է գալիս: Ինչի՞ պետք է Ռուսաստանինը լինի, ինչի՞, էդքան մարդ գնաց զոհվեց, որ ռուսներին նվիրե՞նք, չէ,՛ թող միանա Հայաստանին: Մենք մեր դիրքերը նման մարդկանց պատճառով շատ ենք զիջել, նույն ռուսն էր, որ Ղարաբաղում մեր դեմ էր կռվում, Սումգայիթում հայերին չէր օգնում, թողնում էր, որ մորթեին: Նույնն է, ոնց որ քո տունը, դու քո ձեռքով նվիրես ինչ-որ անծանոթի: Դա վախկոտ ու թուլամորթ մարդու արարք է, հայրենասեր մարդու արարք չի»:

22-ամյա երիտասարդ գրադարանավար Միքայել Գուլյանն էլ նշեց. «Զորի Բալայանը էն մշակութային գործիչներից է, որ 10 երես է ունեցել ու իշխանության կերակրատաշտակից է օգտվել, ինքը պատկանում է Արցախին ու բնականաբար իրավունք չունի խոսելու հայերի անունից: Դե, իր ու ռուսների արժեքները երեւի ավելի են համապատասխանում ու ֆինանսավորվում է էնտեղից, ինչպես գիտեք «Արմենիա» նավով ճանապարհորդության էր մեկնել եւ միգուցե ռուսահայերն էլ են օգնել: Բայց ինքը քաղաքական գործիչ չէ, որ նման բաներ է հայտարարում: Ճիշտ է, Գյուլիստանի պայմանագիրը ամենաամոթալի պայմանագրերից մեկն է, բայց հիմք չի հանդիսանում, որ Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Դե ինձ թվում է, որ ինքը սպասում էր սեպտեմբերի 3-ի Սերժի Մաքսային միություն մտնելու որոշմանը, նա ժողովրդական գրող չի, ժողովրդի կողմից էլ հարգանքի արժանացած չի, իրան ասենք` չի կարելի համեմատել Պարույր Սեւակի կամ Հովհաննես Թումանյանի հետ, ներկա սերունդը իրան չի ճանաչում, ինքը ո՞վ է»:

Իսկ 60-ամյա գործազուրկ Համլետ Նահատակյանը Զորի Բալայանի գրած նամակը բնութագրեց 1 բառով՝ դավաճանություն. «Ղարաբաղը Հայաստանինն է ու հայկական, դա չի պատկանում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին, ու մենք պիտի ոտքի կանգնենք, որ Ղարաբաղը կոչվի Հայաստան: Շարժման ժամանակ Զորի Բալայանը ակտիվ էր, նորմալ ծրագրեր էր առաջարկում, ես էլ եմ մասնակցել շարժմանը՝ առաջին իսկ օրից: Հիմա ամեն մեկը մտածում է, ոնց անի, որ շողոքորթի, հանուն պաշտոնի, փողի, չի կարելի նման բան անել»:

Մասնագիտությամբ վարորդ Վոլոդյան ասաց. «Դե, եթե Հայաստանն էլ Ղարաբաղի հետ միասին մտնի, կարելի է, ինչու չէ՞: Բայց չեմ ուզում, որ Ղարաբաղը անկախ լինի, առանձին: Զորի Բալայանը վատ մարդ չի, բայց սխալ ա, որ ուզում է մենակ Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմ, Հայաստանի հետ միասին պետք է լինի»:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy